«Անկախության գավաթ 2021»-ն աննախադեպ էր մասնակից թիմերի քանակով
Հայ-Ռուսական համալսարանում կայացել է «Անկախության գավաթ 2021» առցանց ծրագրավորման թիմային օլիմպիադայի հաղթողների և մրցանակակիրների պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը: Օլիմպիադան կազմակերպել է Հայ-Ռուսական համալսարանը` «OneMarketData» և «CodeSignal» ՏՏ ընկերությունների հետ համատեղ, որոնք սահմանել են գումարային մրցանակներ առաջին ութ տեղ գրաված թիմերի համար: Այս մասին հայտնում է ՀՌՀ մամուլի ծառայությունը։
«Նայելով մասնակիցների աչքերի մեջ` տեսնում եմ ապագայի հույսը, հավատը և նաև երկրի զարգացման համար լավագույն ճանապարհը: Դուք եք լավագույն ճանապարհը` Ձեր պրոֆեսիոնալ լավագույն հատկություններով, որը կարողացել ենք դրսևորել նաև այս մրցակցության ընթացքում»,- նշել է Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը:
Օլիմպիադայի հաղթող է ճանաչվել Երևանի պետական համալսարանի YSU 2813 թիմը (Լևոն Մուրադյան, Արսեն Համբարձումյան, Վահագն Ալթունյան): Առաջին ութ տեղ գրաված թիմերի շարքում են ԵՊՀ-ի 4 թիմերը, ՀՌՀ-ի 2 թիմերը և մեկական թիմեր «Քվանթ» վարժարանից և Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցից:
«Մասնակից թիմերի քանակով այս տարվա օլիմպիադան աննախադեպ էր իր ողջ պատմության ընթացքում. 44 թիմ (3 հոգի ամեն թիմում) և ավելի քան 130 մասնակից ՀՀ և Արցախի առաջատար բուհերից և մասնագիտացված դպրոցներից (ԵՊՀ, ՀՌՀ, ՀՊՄՀ, ՀԱՀ, ՀԱՊՀ, ՃՇՀԱՀ, «Քվանթ» վարժարան, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց): Եվ պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ այդ 44 թիմերից 39-ը կարողացել են խնդիրներ լուծել, ինչը նույնպես աննախադեպ ցուցանիշ է», - հավելել է «Անկախության գավաթ 2021» օլիմպիադայի կազմակերպիչ, ՀՌՀ-ի թիմերի ղեկավար (ծրագրավորման մրցույթներում), ՀՌՀ-ի Մաթեմատիկական կիբեռնետիկայի ամբիոնի դոցենտ Տիգրան Փիլիպոսյանը:
Նշենք, որ ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված «Անկախության գավաթ 2021» առցանց ծրագրավորման թիմային օլիմպիադան տեղի է ունեցել ս.թ. նոյեմբերի 28-ին` ejudge.rau.am կայքում:
Մրցույթի ծրագրավորման խնդիրների հեղինակը ՀՌՀ-ի շրջանավարտ, «CodeSignal» ՏՏ ընկերության տեխնիկական տնօրեն Էդուարդ Փիլիպոսյանն է։
Հավելենք նաև, որ «Անկախության գավաթ» ծրագրավորման թիմային օլիմպիադան ՀՌՀ-ում անցկացվում է 2011թ.-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան