ԱԺ հանձնաժողովը դեմ է քվեարկել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Հայաստան» խմբակցության թեկնածուին
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 27-ին հրավիրած արտահերթ նիստում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝ քննարկել է ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների թափուր տեղերի համար թեկնածուների առաջադրման հարցը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել էր Արթուր Մանուկյանի և Հակոբ Հակոբյանի թեկնածությունները, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ Մանվել Բադալյանի թեկնածությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներն ԱԺ նիստում ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:
Մանվել Բադալյանի աշխատանքային ուղին և կենսագրությունը ներկայացրել է խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը: Մանվել Բադալյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր, երկար տարիներ ղեկավարել է Քաղաքացիական ծառայության խորհուրդը, 2019 թվականից առայսօր «Հանրային ծառայության արժանիքային համակարգի պաշտպանության կենտրոն» ՀԿ նախագահն է: Մանվել Բադալյանը նաև դասախոսում է Պետական կառավարման ակադեմիայում:
Մանվել Բադալյանը նշել է, թե ինչպես է պատկերացնում իր աշխատանքն այդ հանձնաժողովում, անդրադարձել է ոլորտային այն խնդիրներին, որոնք լուծման կարիք ունեն: Հանձնաժողովի անդամներից ոմանք միանշանակ չեն ընդունել Մանվել Բադալյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով նրա՝ ոլորտի հետ կապ չունենալու հանգամանքը: Հանձնաժողովը դեմ է քվեարկել Մանվել Բադալյանի թեկնածության առաջադրմանը:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար հանձնաժողովն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրմամբ քննարկել է Հակոբ Հակոբյանի (Հակոբ Մովսես) թեկնածության հարցը: Բանասեր, թարգմանիչ, բանաստեղծ Հակոբ Մովսեսը ներկայացրել է ընտրվելու դեպքում աշխատանքի իր պատկերացումներն ու տեսլականը, անդրադարձել բարեփոխման կարիք ունեցող հարցերին, հանրության վրա հեռուստատեսության ունեցած մեծ ազդեցությանը: Հանձնաժողովը կողմ է քվեարկել Հակոբ Հակոբյանի թեկնածությանը:
Երրորդ թեկնածուն՝ Արթուր Մանուկյանը, մասնագիտությամբ ռեժիսոր է, երաժիշտ, թատրոնի և կինոյի արտիստ, երգարվեստի բնագավառում հեղինակել է ուսումնական ձեռնարկներ, եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում աշխատելու համար թեկնածուն բավարար է համարել ոլորտում աշխատանքի իր փորձը: Հանձնաժողովը կողմ է քվեարկել Արթուր Մանուկյանի թեկնածությանը: