Ռոբերտ Քոչարյանը մեծ թվով զինծառայողների գերեվարման փաստը պայմանավորում է նաև Փաշինյանի հայտարարությամբ
«Փաստ է, որ տարվա ընթացքում ոչինչ չի արվել բանակի մարտունակությունը բարձրացնելու համար»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տարեվերջյան ընթացող ասուլիսում։
Նա նշեց, որ այս տարվա ընթացքում Հայաստանն ունեցել է մի քանի տասնյակ զոհ։
«Ավելի ճիշտ 36, տարբեր աղբյուրներով կարող է տատանվել այս թիվը, մոտ 32 վիրավոր, 30 նոր ռազմագերիներ։ երկու-երեք դիրքերի համար մարտական գործողությունների ժամանակ ունենալ 30-ից ավելի գերի խոսում է բանակում առկա լրջագույն պրոբլեմների մասին։ Այդպես ուղղակի չի լինում»,-մանրամասնեց Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով, դրա հիմնական բացատրությունը կարող է լինել հետևյալ, որ մեր զինվորները եղել են երկրի առաջին դեմքի հայտարարության տպավորության տակ։
«Հիշեցնեմ, նա հայտարարել էր՝ հո մի սարի համար մենք չե՞նք պատերազմելու։ Քո երկիրը սարերից է բաղկացած։ Սա նույն է, որ արաբները ասեն, էս անապատի համար հո մենք չե՞նք պատերազմելու։ Սա ինչ-որ տեղ հրավեր է, «էստի համեցեք» է ադրբեջանցիների համար, քանի որ դու ասում ես՝ չբնակեցված սարերի համար մենք պատրաստ չենք պատերազմել։ Եթե երկրի առաջին դեմքն այդպես է մտածում, ինչո՞ւ ենք մենք մտածում, որ մեր երկրի զինված ուժերի մայորը կամ պայմանագրային զինծառայողը պետք է մտածի այլ կերպ։ Սա ուղղակի բանակի մարտունակությունը գցելու լավագույն միջոցներից մեկն է»,-ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը։
Նախկին նախագահն ընդգծեց, ընթացիկ տարվա ընթացքում ոչինչ չի արվել բանակի կորցրած սպառազինության վերականգնման ուղղությամբ։
«Ըստ էության, ոչինչ, կամ գրեթե ոչինչ։ Մինչ այսօր չի հրապարկվել զոհվածների ամբողջական թիվը, սա ուղղակի խայտառակություն է։ Մենք պետք է ունենայինք հուշամատյան զոհվածների անուն-ազգանուններով, կարճ կենսագրականներով։ Սա վերաբերմունք կլիներ և զոհվածների, և նրանց ընտանիքների նկատմամբ, սա պետության պարտավորությունն էր, որը չի արվել»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահը։
Նա նկատեց, սա է պատճառը, որ տարբեր մարդիկ տարբեր թվեր են հնչեցնում զոհվածների թվի վերաբերյալ։
«Աննորմալ է, մեկ տարի անց այդ հարցն այսպիսի անորոշ վիճակում թողնելը»,-ասաց նա։
Անդրադառնալով երկրի անվտանգության վերաբերյալ հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը վկայակոչեց հարցումների արդյունքները, ասաց՝ բնակչության 70-80 տոկոսը լուրջ մտահոգված է անվտանգության խնդիրներով։
«Չի կարող երկիրը նորմալ զարգանալ, եթե բնակչության 80 տոկոսը մտածում է, որ ապրում է ոչ անվտանգ երկրում։ Սա նորմալ երևույթ չէ, և սրա համար ուղղակի պատասխանատվություն է կրում գործող իշխանությունը։ Այս բոլոր խնդիրներով ու ավելի վատթարացված վիճակով մենք մտնում ենք հաջորդ տարի»,-նման գնահատական տվեց նախկին նախագահը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին