Հետագա զարգացումների պատասխանատուն իշխանությունն Է. «Զարթոնք» կուսակցություն
ՀՀ վարչական դատարանը՝ 5 դատավորի կազմով, դեկտեմբերի 26-ին մերժել է Թալին համայնքի ավագանու երեք խմբակցությունների անդամների հայցը: Այս մասին հայտնում են «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունից։
Վարչական դատարանը գտել է, որ խմբակցությունները համարվում են ստեղծված օրենքի ուժով և միայն այդ մոտեցմամբ անտեսել է իր իսկ կողմից հաստատված այն փաստը, որ Տավրոս Սափեյանի թեկնածությունն առաջադրել է ավագանու անդամ Սերգե Մկրտչյանը:
Նույնիսկ խմբակցությունն օրենքի ուժով ստեղծված համարելու պարագայում, միևնույն է ավագանու անդամների խմբի՝ խմբակցության, կամքի արտահայտությունը պետք է դրսևորվեր որոշակի ձևով: Առնվազն պետք է լիներ խմբակցության գրավոր որոշումը: Վարչական դատարանն այս հարցին չի անդրադարձել:
«Ստեղծված իրավիճակում, մանդատների մեծամասնություն չունեցող համայնքում, իշխանությունը, ի հակասումն Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված այն մոտեցման, որ մեծամասնություն չունեցող անձը չի կարող համայնքի ղեկավար լինել, փորձում է համայնքի ղեկավարին «նշանակել» Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից:
Այս պայմաններում, Թալին համայնքում հետագա բոլոր բացասական զարգացումների պատասխանատուն իշխանությունն է, ի դեմս Քաղաքացիական պայմանագիր կուսակցության:
Հ.Գ. Հիշեցման կարգով տեղեկացնում ենք, որ՝
• Հայք խմբակցության անդամ Կարեն Գրիգորյանի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարել են օրենքի ուժով՝ հրաժարական ներկայացնելու փաստով (հիմք «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մաս).
• Տարածքային ընտրական հանձնաժողովը պարտավոր է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 71-րդ հոդվածի համաձայն, 7 օրվա ընթացքում փոխարինել Կարեն Գրիգորյանի մանդատը.
• Տավրոս Սափեյանը չի ստանձնել Թալին համայնքի ղեկավարի լիազորությունները, քանի որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 74-րդ հոդվածի համաձայն ընտրվելուց հետո երրորդ օրացուցային օրը, ավագանու` օրենքի ուժով հրավիրված նիստում, չի երդվել.
• «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ավագանու նիստը հրավիրելու լիազորություն ունի միայն համայնքի ղեկավարը կամ նրա պաշտոնակատարը, մինչդեռ Տավրոս Սափեյանը համայնքի ղեկավարի լիազորություն չի ստանձնել.
• Թալին համայնքի ավագանու Զարթոնք, Հայք և Մեր համայնքը խմբակցության անդամներն օրենքով չնախատեսված անձի կողմից նիստի հրավերի դեպքում, իրավունք ունեն չմասնակցել նիստին.
• Թալին համայնքի ավագանու իրավասությունների մեջ է մտնում նաև՝ համայնքի ղեկավարի վարձատրության չափը որոշելը, օրենքով սահմանված դեպքերում տեղական հարկերի, տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելը»,- նշում են կուսակցությունից:
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը քննում է Թալինում ՔՊ-ականին ընտրելու որոշումն անվավեր ճանաչելու հարցը
- Թալինում կրքերը չեն հանդարտվում. «Զարթոնք»
- Վերահաշվարկի ընթացքում անվավեր քվեաթերթիկները դիտվել են վավեր ու դրվել ՔՊ օգտին. «Միասնական Վարդենիս» դաշինքի փաստաբան
- Թալինի համայնքի ղեկավարի ընտրությունն անցկացվել է օրենքի խախտմամբ․«Զարթոնք» ԱՔԿ
- Թալինում քաղաքապետ ընտրվեց ՔՊ-ի թեկնածուն
- Թալինի քաղաքապետարանի մոտ մեծ թվով ոստիկաններ են հավաքվել, ավագանին քաղաքապետ պետք է ընտրի
- Թալին համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել