Տարածաշրջանում մնայուն խաղաղության հաստատմանը համաձայն ենք, բայց ոչ պարտվողական ու զիջողական դիրքերից. Արամ Առաջին
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը տարեմուտի ուղերձով է հանդես եկել՝ անդրադառնալով Սփյուռքի կյանքին ու անցնող տարում եղած խնդիրներին, Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրադրությանը։ Ուղերձը հրապարակված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կայքում։
Արամ Առաջինը նշել է, որ մեր հայրենիքը շարունակում է անորոշության և հուսահատության ալիքների մեջ օրորվել՝ մի կողմից ներհայաստանյան քաղաքական լարված մթնոլորտն է ջլատում հավաքական ուժը, մյուս կողմից թշնամին հաղթանակած դիրքերից պայմաններ է դնում Հայաստանի առաջ՝ անտեսելով Հայաստանի հողային ամբողջականությունն ու գերիշխանությունը, նաև միջազգային օրենքները։
«Այո՛, տարածաշրջանում համապարփակ ու մնայուն խաղաղության հաստատմանը համաձայն ենք, բայց ոչ պարտվողական ու զիջողական դիրքերից։
Այո՛, տարածաշրջանում տնտեսական զարգացումներին նպաստող ծրագրերին համաձայն ենք, բայց ոչ ի հեճուկս Հայաստանի ու Արցախի գերիշխանության, անկախության, անվտանգության և հողային ամբողջականության»,- ասել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը։
Ուղերձում Արամ Առաջինը նշել է, որ Ադրբեջանի հետ որևէ համաձայնագրի ստորագրում, որտեղ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ է ներառվում Արցախը, նաև որևէ համաձայնագիր Թուրքիայի հետ, որով կընդունվեն Թուրքիայի բացահայտ նախապայմանները, փաստորեն Հայաստանի կողմից Անկախության հռչակագրի ու Սահմանադրության սկզբունքների խախտում կլինի։
«Նման վտանգալից քայլերի նկատմամբ Սփյուռքը չի կարող անտարբեր մնալ...
Մեր թշնամիներն ու բարեկամները պետք է իմանան, որ Հայաստանն անտեր չէ, որբ չէ, ողջ Սփյուռքն իր կողքին է, հայությունը մեկ ու անբաժանելի ամբողջություն է»,- ընդգծել է նա։
Ուղերձն ամբողջությամբ՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան