Իսպանիայում հազվագյուտ կենդանիների ԴՆԹ-ով «կենդանաբանական այգի» կբացվի
Բարսելոնայում մտադիր են ստեղծել մայրցամաքային Եվրոպայում առաջին «սառեցված կենդանաբանական այգին», որտեղ մինուս 196 աստիճան Celsius ջերմաստիճանում կպահպանվեն հազվագյուտ և գրեթե անհետացած տեսակների ԴՆԹ-ն, հաղորդում է «Եվրոպուլսը»:
Կենդանիներից նմուշներ կվերցվեն արգելոցներից և կենդանաբանական այգիներից։ Իսկ շտեմարանները, ամեն դեպքում, կտեղակայվեն միանգամից երկու տեղում՝ Էվոլյուցիոն կենսաբանության ինստիտուտում և Բարսելոնայի համալսարանում։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, ապագայում ԴՆԹ-ի նյութը կարող է օգտագործվել, օրինակ, կլոնավորման կամ արհեստական բեղմնավորման համար, քանի որ այն կարող է պահպանվել գրեթե անժամկետ։
Բացի այդ, նման կենսաբանկի ստեղծումը թույլ կտա գիտնականներին ավելի արդյունավետ կերպով իրականացնել գենետիկական և գենոմային հետազոտություններ։