Ես հիմա նախարարի պաշտոն եմ զբաղեցնում, բայց ինձ երբեք էքսպերտ չեմ կոչել. Վահրամ Դումանյան
«Հայաստանի ԲՈւՀ-երում հայոց լեզվի հետ կապված խնդիրներ չկան և չեն լինի, թեև այս հարցը հաճախ է շահարկվում»,-պատասխանելով ԲՈւՀ-երի ընդունելության քննությունների պարտադիր առարկայացանկից հայոց լեզվի դուրս թողնելու կառավարության որոշման մասին հարցին՝ ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
Նախարարը հավաստիացրեց, որ ընդունելության քննությունների առարկաների ցանկը կազմում են հենց ԲՈւՀ-երը, իսկ նախարարությունը միայն ամրագրել է, որ չպետք է երկուսից ավել առարկաներ լինեն։
Դումանյանը պնդեց, որ որոշ կեղծ փորձագետներ մոլորեցնում են հանրությանը, նույնը նկատվում է նաև խորհրդարանում։
«Ես հիմա նախարարի պաշտոն եմ զբաղեցնում, բայց ինձ երբեք էքսպերտ չեմ կոչել, բայց շատ մարդիկ, ովքեր ոչնչի չեն հասել, դրամաշնորհներ են ստանում և որպես փորձագետ են ներկայանում»,-հայտարարեց նախարարը։
Վահրամ Դումանյանը շեշտեց, որ դպրոցներում ավարտական քննությունների ժամանակ պարտադիր հայոց լեզու են հանձնում։
«Մեր ապագան այնպիսին պետք է լինի, որ ԲՈւՀ ընդունվելու համար ընդհանրապես ընդունելության քննություններ չլինեն, ինչպես դա տեղի է ունենում աշխարհի առաջատար բուհերում»,-հայտարարեց ԿԳՄՍ նախարարը և բացատրեց, որ ներկայում ընդունելության քննություններն անցկացվում են այն պատճառով, որ հանրակրթության ոլորտում դասավանդման մակարդակի խնդիրներ կան, դրանք խիստ տարբերվում են տարբեր շրջաններում:
Հարակից հրապարակումներ`
- Պապիկյանը գտնվում է այնտեղ, ոչ այն պատճառով, որ ինքը կուսակցության խնդիր պետք է քննարկի, այլ որ այն իր մայր ԲՈւՀ-ն է. Դումանյան
- 2021 թ. 20 բնակավայրում կառուցվել է մոդուլային մանկապարտեզներ. Վահրամ Դումանյան