ՍԴ թվարկած նախադրյալները բավարար են ընկալելու, որ պետությունը ստանձնի իր հոգատարության գործառույթը. Վարդևանյան
«Սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասն արդեն իսկ ելակետը դրել է, այստեղ երկրորդ կարծիք չկա»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՍԴ-ում ՍԴ դիմած պատգավորների ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ հստակ կետերով անդրադառնալով ՍԴ-ի՝ ՊՇՌ թեստավորումը քաղաքացիների հաշվին իրականացնելու առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանն անվավեր ճանաչելու որոշմանը:
Նա ընդգծում է, որ ՍԴ որոշման եզրափակիչ մասով արձանագրվել է՝ աշխատողների վրա իրենց հաշին ձևակերպումն անընդունելի է:
«Եթե ՍԴ-ն օգտագործում է սահմանադրությանը հակասող և անվավեր ձևակերպում, նշանակում է x կամ y դրույթն ուղղակի անընդունելի է»,- նշում է Վարդևանյանը:
Նա ասում է, որ այժմ հիմնական հարցն է՝ ՊՇՌ հետազոտության վճարման պարտականությունը մնում է աշխատողի՞ վրա, չնայած ՍԴ որոշման առկայությանը:
Վարդևանյանը մեջբերում է անում ՍԴ որոշումից, ըստ որի՝ հրամանով աշխատողի համար ծախս կատարելու ֆինանսական բեռ կրելու պահանջ սահմանելը խնդրահարույց է նշված իրավակարգավորման Սահմանադրության 6-րդ և 39-րդ հոդվածների տեսանկյունից:
«ՍԴ-ն սևը սպիտակով մի քանի բան է ասել՝ աշխատողն իր հաշվին ձևակերպումը ֆինանսական բեռ է աշխատողի վրա, որը հակասահմանադրական է, դրանից հետո ասել է՝ այս ամենը նաև սեփականության իրավունքի տեսանկյունից միջամտություն է և խնդիր է առաջացնում, այնուհետև ասում է՝ պետություն, չնայած դու չունես պարտականություն ուղղակի գրված, բայց դա չի բացառում, որ դու կարող ես ստանձնել այդ բեռը՝ հաշվի առնելով, օրինակ, Հայաստանում ամսական նվազագույն աշխատավարձի չափը:
Աշխատողի վրա դրված՝ հրամանի շրջանակում ՊՇՌ հետազոտման պարտականությունը ծախս կատարելու մասով հակասահմանադրական է: Սա այլևս փաստ է: Ո՞ւմ վրա պետք է լինի այս բեռը: ՍԴ որոշումից պարզ է մի բան, որ դա գործատուի տիրույթ չի տեղափոխվում, այլ տեղափոխվում է պետության տիրույթ:
Չնայած ՍԴ-ն չի ասում, որ պետությունն ունի ուղղակի պարտականության այս մասով, բայց բոլոր նախադրյալները, որոնք թվարկում է, ցանկացած ռացիոնալ պետության պայմաններում առավել քան բավարար են ընկալելու, որ պետք է վերջ դրվի սրան ու պետությունը ստանձնի իր հայրենակիցների հոգատարության գործառույթը»,- ասում Արամ Վարդևանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ծախսերի բեռը հրամանով աշխատողների վրա չէր կարող դրվել, բայց թե ում վրա պետք է լինի ՍԴ գործառույթը չէ․ Արամ Վարդևանյանը՝ ՍԴ որոշման մասին
- Գոռ Հովհաննիսյանը՝ ՍԴ որոշման մասին. Սա ի՞նչ աբսուրդ որոշում է
- Աշխատողների ՊՇՌ թեստի գումարը պետք է վճարի պարգևատրումների լիքը գումար ունեցող կառավարությունը. Արամ Վարդևանյան
- ՍԴ-ն իրականացրեց լիարժեք արդարադատություն․ Արամ Վարդևանյան
- ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց ՊՇՌ թեստավորումը քաղաքացիների հաշվին իրականացնելու Ավանեսյանի հրամանը