Արցախի ԱԺ նախագահ. Մեր օրերում Արցախը, թեկուզ ծվատված, ունի պետականություն, իսկ նրա անկախությունն անվիճարկելի է
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի կազմավորման 30-ամյակի առիթով։
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, ուղերձում ասված է.
«30 տարի առաջ այս օրը՝ 1991թ. դեկտեմբերի 28-ին կայացած ընտրությունների արդյունքում կազմավորվել է նորաստեղծ հանրապետության օրենսդիր մարմինը՝ Գերագույն խորհուրդը, որը 1992 թվականի հունվարի 6-ի անդրանիկ նիստում ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակագիրը՝ ելնելով ժողովրդի ինքնորոշման անկապտելի իրավունքից, հենվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ազատ կամքի վրա։
Այս առիթով ջերմորեն շնորհավորում եմ օրենսդիր մարմնի բոլոր գումարումների նախագահներին, փոխնախագահներին, հանձնաժողովների նախագահներին և խմբակցությունների ղեկավարներին, պատգամավորներին և մաղթում առողջություն, խաղաղություն, արժանապատիվ ապագա։
Անկախության հռչակագրին Ադրբեջանը պատասխանել է երեք պատերազմով։ Արցախյան առաջին պատերազմին զինվորագրվել և իրենց կյանքն են զոհաբերել Գերագույն խորհրդի առաջին գումարման 11 պատգամավոր։ Հավերժ փառք նրանց և հայրենիքի համար նահատակված բոլոր քաջորդիներին, խոնարհումս նրանց սուրբ հիշատակին։
ԼՂՀ գերագույն խորհրդի 30-ամյակի առթիվ Արցախի խորհրդարանը նպատակ է ունեցել դեկտեմբերի 28-ին հատուկ նիստ հրավիրել, սակայն Հանրապետությունում տարածված համավարակի և հայտարարված համապետական կարանտինի պատճառով նիստ չի գումարվել։
Մեր օրերում Արցախը, թեկուզ ծվատված, ունի պետականություն, իսկ նրա անկախությունն անվիճարկելի է։ Հակամարտության վերջնական լուծման կողքին անվերապահորեն դրված է նաև Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման և նրա սահմանների խնդիրը:
Պատմության քառուղիներում մաքառած հայ ժողովրդի գոյությունն ու փրկությունը մշտապես պայմանավորված էր հայության համախմբվածությամբ և միակամությամբ։ Մեր ապրելակերպով և հաստատակամությամբ պետք է տեր կանգնենք ճակատագրորեն մեզ վիճակված հայրենիքին և հետևողականորեն պայքարենք մեր իրավունքների պաշպանության համար։ Մեր կամքն ու նպատակները անշեղելի են և ենթակա չեն զիջման։
Համայն հայությանը միասնականության, փոխըմբռնման և հանդուրժողականության կոչ ենք անում»։
Հարակից հրապարակումներ`
- Մեր վրդովմունքն ենք հայտնում Նիկոլ Փաշինյանի մի շարք վնասակար և վտանգավոր ձևակերպումների ու գաղափարների առթիվ. Արցախի ԱԺ
- Արցախի ԱԺ-ն ընդունել է «Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու անօտարելի իրավունքի մասին» հայտարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան