«Անթասիբ բյուջե». Երևանի ավագանու անդամը՝ քաղաքի 2022 թ. բյուջեի մասին
Երևանի ավագանին այսօրվա արտահերթ նիստում ընդունեց քաղաքի 2022 թվականի բյուջեի նախագիծը 36 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Ըստ նախագծի, Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեն եկամուտների գծով կազմում է 94,560,201.2 հազ. դրամ, ծախսերի գծով՝ 98,821,222.9 հազ. դրամ, դեֆիցիտը (պակասուրդը) 4,261,021.7 հազ. դրամ։
Ավագանու անդամ Արման Անտոնյանն իր ելույթում 2022 թ. բյուջեն որակեց «անթասիբ»:
«Արդյո՞ք բյուջեի այս նախագիծը որևէ կապ ունի պատերազմում պարտված և պատերազմող պետության մայրաքաղաքի հետ:
Ափսոսում եմ, որ համատեղ քննարկում չի եղել և բազմաթիվ առաջարկներ տեղ չեն գտել տեղեկանք-ամփոփաթերթում: Ունենք անթասիբ և բազմաթիվ կետերով չհիմնավորված բյուջե:
Մի շարք հոդվածներ կան, ներկայացված թվերը չունեն որևէ հիմնավորում»,- ասաց նա:
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը չհամաձայնեց ավագանու անդամի գնահատականին՝ նշելով. «Ընդհանրապես, երբ գնահատական են տալիս բյուջեին, նայում են տարբեր ուղղություններով, և եթե 100 միլիոնի առաջարկ եք ներկայացրել, որը չի ընդունվել տարբեր պատճառներով, ես, կարծում եմ, այն աշխատանքը, որն իրականացվել է քաղաքապետարանի տարբեր վարչությունների կողմից, նման գնահատականի արժանի չէ: Իհարկե, փոփոխություններ կարող ենք անել»:
Ա. Անտոնյանն արձագանքեց, որ իր բոլոր խոսքերի համար կան հիմնավորումներ, բայց չցանկացավ նիստերի դահլիճում բացել փակագծերը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները