ԿԲ նախագահ. Արդեն նկատվում է վարկային ներդրումների վերականգնում
«Ֆինանսական կայունության առումով 2021 թվականը նույնպես դյուրին չէր։ 2020 թվականի ընթացքում տեղի ունեցած ցնցումները իրենց անխուսափելի ազդեցությունն ունեցան ֆինանսական համակարգի ընթացիկ տարվա արդյունքների վրա»։ Այս մասին ասել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը 2021 թվականի տարեմուտի ընդունելությանը։
«Ավարտին է մոտենում 2021 թվականը և հետահայաց նայելով կարելի է փաստել, որ այն մեր տնտեսության համար որոշակի դժվարությունների տարի էր։ Այնուամենայնիվ, կարող ենք գնահատել, որ մեր ընդհանուր ջանքերի շնորհիվ կարողացել ենք պահպանել գների և ֆինանասական կայունությունը Հայաստանի Հանրապետությունում։
Այսպես, տարեսկզբից մենք բախվեցինք ՀՀ տնտեսություն ներթափանցած զգալի արտաքին գնաճային ճնշման։ Ստեղծված իրավիճակում Կենտրոնական բանկի գերխնդիրն էր գների կայունությունն ապահովել տնտեսության համար նվազագույն ծախսերով։
Այդ առումով տարվա ընթացքում վարած մեր դրամավարկային քաղաքականությունը գնահատում ենք շատ հավասարակշռված։ Ճիշտ է, գնաճը այսօր բարձր է մեր սահմանած նպատակային մակարդակից, բայց Կենտրոնական բանկի գործողությունների արդյունքում այն աստիճանաբար կնվազի՝ մոտենալով թիրախային ցուցանիշին»,-ասել է նա։
Մարտին Գալստյանի խոսքով, տարվա ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքի չափավոր բարձրացումը թույլ տվեց նախևառաջ խուսափել գնաճի ավելի վատ սցենարից, խարսխել բնակչության գնաճային սպասումները՝ միևնույն ժամանակ չխոչընդոտելով պահանջարկի վերականգնումը։
«Եվ չնայած մոտակա ամիսներին արդեն մենք ականատես կլինենք գնաճի ցուցանիշի որոշակի նվազման, սակայն ամեն դեպքում պետք է շարունակել պահպանել զգոնությունը, քանի որ արտաքին աշխարհի գնաճը չի թուլանում, և գալիք տարին դեռևս իր մեջ պարունակում է զգալի գնաճային ռիսկեր և մարտահրավերներ։
Ֆինանսական կայունության առումով 2021 թվականը նույնպես դյուրին չէր։ 2020 թվականի ընթացքում տեղի ունեցած ցնցումները իրենց անխուսափելի ազդեցությունն ունեցան ֆինանսական համակարգի ընթացիկ տարվա արդյունքների վրա։
Տարեսկզբից, անորոշությունների զգալի աճի պարագայում, թե՛ տնտեսությունը, և թե՛ ֆինանսական համակարգը կրճատեցին իրենց ռիսկի ախորժակը, ինչն անդրադարձավ բանկային համակարգի վարկային ներդրումների վրա՝ հատկապես հաշվի առնելով նախորդ տարվա Կառավարության ծրագրերով իրականացրած զգալի վարկավորումը։ Այնուամենայնիվ մեր ֆինանսական համակարգը ոչ միայն ունակ եղավ հաղթահարել այդ դժվարությունները, այլ նույնիսկ զգալի նպաստում ունեցավ երկրի տնտեսական խնդիրների մեղմմանը։ Ֆինանսական հաստատությունները որոշակի բեռ վերցրեցին նաև սոցիալական խնդիրների աջակցման համար՝ ինչպես համավարակի, այնպես էլ պատերազմի հետևանքների հաղթահարման առումով։ Կարող ենք փաստել, որ վերջին տվյալներով արդեն նկատվում է վարկային ներդրումների վերականգնում և գալիք տարին մենք վստահաբար կմտնենք և կավարտենք ֆինանսական միջնորդության դրական զարգացումներով։
Ընդ որում, կցանկանայի հատուկ նշել, որ Հայաստանում գների և ֆինանսական կայունությունը ապագայում նույնպես երաշխավորված է, և դրա գրավականը ոչ թե առանձին ցուցանիշներ են, օրինակ միջազգային պահուստները, կամ բանկերի կապիտալը, այլ Կենտրոնական բանկի անձնակազմի գիտելիքն ու պրոֆեսիոնալ կարողություններն են, որոնք թույլ են տվել դիմագրավելու բազում ցնցումների և շատ անգամ են արժանացել մեր ներքին և միջազգային գործընկերների բարձր գնահատանքին»,-ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան