Պատանի հանդիսատեսի թատրոնը կբեմադրի «Կատուն շիկացած տանիքին» պիեսը
Պատանի հանդիսատեսի թատրոնում մեկնարկել են «Կատուն շիկացած տանիքին» պիեսի բեմադրական աշխատանքները։ Դեկտեմբերի 21-ից Պատանի հանդիսատեսի թատրոնում մեկնարկեցին հանրահայտ ամերիկացի դրամատուրգ Թենեսի Ուիլյամսի «Կատուն շիկացած տանիքին» պիեսի բեմադրական աշխատանքները․․․Աշխատանքների մասին ազդարարեց թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանը։ Ներկայացման բեմադրող ռեժիսորն է Դավիթ Հարությունյանը։
«Պիեսները շատ էին, բայց ես կանգ առա հենց այս մեկի վրա, հաշվի առնելով տարբեր հանգամանքներ․․․
Մերօրյա մարդկային հարաբերությունների աղճատվածությունը, մարդկանց միմյանց հետ չխոսելու, չկիսվելու խնդիրը, այսօր դարձել է համաշխարհային աղետ, գնալով ամեն բան ավելի է խորանում, մարդիկ ապրելով մեկ տանիքի տակ՝ միմյանցից ավելի են հեռվանում, ներդաշնակությունը գնալով պարտվում է։ Սա համընդհանուր սիրո պակասի տագնապի ձայն է, որտեղ ծնողների և զավակների հարաբերությունները նույնպես դրված են լուրջ զննության տակ։ Որպես ռեժիսոր՝ ես տեսա այդ խնդիրները, որոնք կարծում եմ՝ մեզ համար որպես քաղաքացիներ շատ կարևոր են և արդիական, դրանց մասին խոսելն ու բարձրաձայնելը է՛լ ավելի կարևոր․․․» ,- նշում է Դավիթ Հարությունյանն ընդգծելով, որ ցանկացած թատրոնի համար էլ պատիվ է բեմ բարձրացնել Թ․ Ուիլյամսի պես համաշխարհային հեղինակության թատերագրի պիես։
Պատանի հանդիսատեսի թատրոնից հայտնում են, որ ներկայացումը թատերասերներին կներկայացվի գարնանը։ Այն կհամալրի թատրոնի երեկոյան խաղացանկը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում