Եթե Հռոմը կործանեցին բարբարոսներ, ապա Երևանը կարող են կործանել տգետները. Ռուբեն Մելքոնյան
ԵՊՀ արևելագիտության ամբիոնի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ կիսվել է տարեվերջյան ամփոփիչ խոհերով՝ այն վերնագրելով «Կորուսյալ քառամյակի» թե՞ պետության ավարտը»:
«Տասնամյակներ հետո իր համակարգչի էկրանի առջև նստած և 21-րդ դարի առաջին քառորդի Հայաստանի մասին գրող պատմաբանը 2018-ից սկսված գործընթացը անվանելու հարցում բախվելու է հետևյալին՝ իր աշխատության ենթագլուխը վերնագրել «կորուսյալ քառամյակ» (եթե այս մղձավանջը ավարտվի 2022-ին), թե «Հայաստանի Հանրապետության ավարտը»:
Այս իշխանությունը իր ամբողջ ռեսուրսներով և հետևողականորեն պայքարում է հայոց պետականության դեմ, այսինքն՝ սա պետականակործան իշխանություն է: Իզմեր չունենալու մասին հայտարարող իշխանությունը իրականում ունի գաղափարախոսություն, դա նեոհերոստրատիզմն է, որի հետևանքով խարխլվեց մեր ազգային հրաշալիքը՝ Հայաստանի և Արցախի Հանրապետությունները: Նեոհերոստրատիզմի ամենամեծ աջակիցը տգիտությունն է և այդ ախտով տառապող հասարակական շերտերը: Եվ եթե Հռոմը կործանեցին բարբարոսներ, ապա Հռոմից ավելի հին Երևանը կարող են կործանել տգետները:
Ավազի մեջ գլուխը հմտորեն մտցնելու հարցում ջայլամներին մի քանի անգամ գերազանցած «մտավորական» շերտը կրկնակի է մեղավոր: Մտավորականների մեջ կան մարդիկ, որոնք հիմա ցածրաձայն ասում են, որ 2018-ին սխալվել են, բայց նրանց մեջ հայտնիներ կան, որոնք պարտավոր են դա անել ավելի հանրային: Օրինակ՝ հայտնի դերասանը, երգիչը, որը զարմացած ասում էր «պարոն վարչապետ, մի՞թե սա իրականություն է» այսօր տեսնելով արյունահոսող Արցախը, բզկտվող Սյունիքը, անպաշտպան սահմանը, անարգված հայրենիքը, գերիներին՝ պետք է զարհուրանքով ասի. «պարոն վարչապետ, մի՞թե սա՛ է իրականությունը»:
Դե իսկ «սոկրատյան հանգստությամբ» այս ամենին նայողներին և մինչ օրս էլ հիացողներին, այս ավերի մասին լռողներին պետք է տալ ամենաբարձր կոչումներ, բայց ոչ Հայաստանի Հանրապետության:
Այսօրվա իշխող ուժի մոտ չգերիշխեց և չի էլ գերիշխելու պետական մտածելակերպը հեռանալ պետության ղեկից կիրառելով «անջատում հանուն փրկության» սկզբունքի այլ տարբերակը՝ «հեռացում հանուն պետականության փրկության»: Եվ այս իրավիճակում ստացվում է հետևյալը. 1+1+1 լոզունգով իշխանության եկած պետականակործան ուժը պետք է հեռանա 680 000-1-1-1 բանաձևով, ուղղակի մինչև 680 հազարի հետհաշվարկը հասնի ավարտին Հայաստան անունով պետություն կարող է այլևս գոյություն չունենալ... »,- գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Այո, Թուրքիան, Ադրբեջանն ուզում են Հայաստանը ոչնչացել. Ռուբեն Մելքոնյան
- Թշնամին կանխատեսելի է, իսկ հայի սոսկ անուն ազգանուն ունեցող թշնամասեր ներքին թշնամիները երիցս նողկալի են. Ռուբեն Մելքոնյան
- Ինձ Էրդողանի ելույթում նաև մի այլ դրվագ հետաքրքրեց, որի մասին ուզում եմ հռետորական հարց տալ. Ռուբեն Մելքոնյան
- Տեղանունները պատմական իրականությունը խեղաթյուրելու քաղաքականության կարևոր տարրերից է. Ռուբեն Մելքոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին