Արայիկ Հարությունյան. Արցախի ժողովուրդն ու իշխանությունները երբևէ չեն ընդունելու Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Հադրութի Մ. Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցի, Շուշիի Դ. Ղազարյանի անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված և Խ. Աբովյանի անվան դպրոցների աշխատանքային կոլեկտիվներին։
Նա շնորհակալություն է հայտնել Արցախի բռնազավթված տարածքների համայնքների դպրոցների բոլոր ուսուցիչներին և ստեղծագործական հաստատությունների աշխատակիցներին, որոնք այս դժվար ժամանակաշրջանում և ստեղծված բարդ սոցիալ – կենցաղային պայմաններով հանդերձ բարեխղճորեն կատարել և կատարում են իրենց աշխատանքը՝ տեղահանված աշակերտների համար ապահովելով անխափան կրթական պրոցեսը։
ԱՀ նախագահի աշխատակազմի փոխանցմամբ, Արայիկ Հարությունյանը նշել է նաև, որ արդեն սեպտեմբերի 1-ից Հադրութի և Շուշիի դպրոցներն ու մանկապարտեզները ունենալու են նոր առանձին մասնաշենքեր մայրաքաղաք Ստեփանակերտում։
Պատասխանելով ուսուցիչների՝ ապագայի և անվտանգության վերաբերյալ մտահոգություններին և հուզող հարցերին՝ նախագահը շեշտել է, որ Արցախի ժողովուրդն ու իշխանությունները երբևէ չեն ընդունելու Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ, իսկ երկրի անվտանգ կենսագործունեությունն ապահովում և ապահովելու են Պաշտպանության բանակն ու ՌԴ խաղաղապահ զորակազմը։
Անդրադառնալով տեղահանված քաղաքացիների սոցիալական խնդիրներին՝ Ա. Հարությունյանը նշել է, որ պետությունն այսօր առավելագույնն է անում բնակարանային ապահովության հարցը ամբողջությամբ լուծելու, ինչպես նաև աշխատանքով և այլ սոցիալական երաշխիքներով ապահովելու ուղղությամբ։
Այս համատեքստում Ա. Հարությունյանն ընգծել է, որ, իր հանձնարարականի համաձայն, Արցախի Հանրապետության բոլոր կառույցներում կադրային քաղաքականության կարևորագույն սկզբունքներից մեկն է լինելու աշխատանքի ընդունելիս տեղահանված քաղաքացիներին առաջնահերթություն տալը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան