Հրաչյա Սարգսյան. Միայն ավտոբուսների ձեռքբերմամբ հնարավոր չէ տրանսպորտի հարցը լուծել մայրաքաղաքում
Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ այցելել է Երևանի ավտոբուսների հավաքակայան, ծանոթացել նոր ավտոբուսների հարմարություններին: Քաղաքապետն ու դեսպանն ավտոբուսով պտույտ են կատարել հավաքակայանում:
«Այս ավտոբուսները շահագործվում են նաև Չինաստանում, որևէ տարբերություն չկա թե՛ գունային առումով, թե՛ կառավարման տեսանկյունից, կարծում եմ՝ շատ հարմար են»,- նշել է դեսպանը:
Դեսպան Ֆան Յոնգին ներկայացնելով տրանսպորտային համակարգի բարեփոխումների ընթացքը՝ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ տարբեր ուղղություններով ցուցաբերվելու է համալիր մոտեցում:
«Երթևեկության կազմակերպումը, լուսացույցների սպասարկումը, որպես պատվիրակված լիազորություն, անցնելու է Երևան համայնքին, այս պահի դրությամբ քննարկում ենք որպեսզի նաև խելացի լուսացույցներ ունենանք Երևանում: Միայն ավտոբուսների ձեռքբերմամբ հնարավոր չէ տրանսպորտի հարցը լուծել մայրաքաղաքում, և այդ համատեքստում մենք ունենալու ենք նաև կառավարման կենտրոն, որը հնարավորություն է տալու ժամանակակից միջոցներով վերահսկողություն իրականացնել հանրային տրանսպորտի նկատմամբ, որպեսզի ավելի մատչելի և հասանելի դարձնենք քաղաքացիների սպասարկումն ու կարողանանք որակյալ ծառայություններ մատուցել»,-նշել է նա։