Այցելուների համար Հայաստանի պատմության թանգարանի բացման հստակ ժամկետ դեռ չկա
Ամիսներ շարունակ Հայաստանի պատմության թանգարանի դռները փակ են այցելուների համար։ Պատճառը թանգարանում օդափոխության համակարգի արդիականացման աշխատանքներ են։ Թանգարանից պարզաբանում են, որ օդափոխության համակարգի արդիականացման աշխատանքների ոչ արագ ընթացքը պայմանավորված է նաև հուշարձան կառույցում առանձին սարքավորումների տեղադրման հատուկ ընթացակարգով:
Panorama.am-ի հետ զրույցում Հայաստանի պատմության թանգարանի զարգացման գծով փոխտնօրեն Արուսյակ Ղազարյանն ասաց, որ թանգարանում շարունակվում են օդափոխության համակարգերի նորացման աշխատանքները, հույս հայտնեց, որ հաջորդ տարվա առաջին եռամսյակում կփորձեն մասամբ բացել:
«Շատ հստակ ժամկետ չնշեմ, քանի որ այն ամենը, ինչ կապված է շինարարական աշխատանքների հետ, մեզանից չէ կախված, բայց փորձելու ենք տարվա առաջին եռամսյակում գոնե մի հատվածով բացենք»,- նշեց Ա. Ղազարյանը։
Նա հայտնեց, որ օդափոխության համակարգերը նորացվում են թանգարանի ողջ տարածքում՝ ցուցադրության մաս, ֆոնդային հատված, աշխատասենյակներ, ապահովելու է ցուցանմուշների համար անհրաժեշտ ջերմային, խոնավային աստիճան։
Չնայած թանգարանն այցելուներ չի ընդունում, բայց առցանց, նաև ոչ առցանց ձևաչափով իրականացնում է միջացառումներ։
Ա. Ղազարյանի խոսքով, տարվա ընթացքում իրականացվել են 16 միջոցառում ոչ առցանց, 14 առցանց տարբերակով շարքեր են մշակվել։ Թանգարանի գործունեությունը՝ ֆոնդային, գիտական աշխատանքը, բնականաբար, շարունակվում է թանգարանի շենքի ներսում, բայց հանրահռչակման աշխատանքները, կրթական ծրագրերն իրականացվում են թանգարանի տարածքից դուրս:
Նա նաև նշեց, որ թանգարանի ցուցանմուշներով այլ տարածքներում ևս ցուցադրություններ են կազմակերպվում։ Օրինակ, վերջերս Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանում բացվել է «Հողի գաղտնիքը» ցուցադրությունը։
Թանգարանը տարվա ընթացքում պարբերաբար հարստացել է ցուցանմուշներով նվիրատվության, գնման տարբերակով:
«Նյութերը, որոնք թանգարանը կարողացել է ձեռք բերել, վերաբերում են հնագիտությանը, ազգագրությանը, նորագույն պատմությանը»,- ասաց Ա.Ղազարյանը՝ մանրամասնելով, որ հետաքրքիր ազգագրական նյութ՝ գոգնոց, գոտիներ և այլն, փոխանցել են Ախալքալաքից, Ախալցխայից շատ լավ պահպանված տարազ են ձեռք բերել, որն առաջին անգամ ցուցադրվել է այս տարվա հունիսի 30-ին Կառավարության թիվ 2 շենքում բացված «Դրվագներ ինքնության. Տարազ». խորագիրը կրող ցուցահանդեսում։ Նաև հայտնի ռազմական գործիչ Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի անձնական նյութերով է տարվա ընթացքում հարստացել Հայաստանի պատմության թանգարանը։
Հարակից հրապարակումներ`
- Կցուցադրվեն նմուշներ Շահումյանում այս տարի հայտնաբերված դամբարանից, որն իր տեսակով առաջինն է ՀՀ տարածքում
- Ցուցահանդես՝ «Դրվագներ ինքնության. Տարազ» խորագրով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին