«Հնագիտական մասունքներ Շուշիից». նոր ցուցադրություն «Էրեբունի» թանգարանում
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվել է «Հնագիտական մասունքներ Շուշիից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը: Ներկայացվել են Շուշիի գորգերի թանգարանի եզակի հնագիտական առարկաներ՝ հիմնականում խեցեղեն և մետաղե իրեր, սափորներ, կճուճներ, զարդ-հմայիլ, դաշույններ, դրամներ: Դրանք բոլորը գտնվել են Արցախի տարածքից և թվագրվում են մ.թ.ա 20-6-րդ դարերով: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ հաջողվել է տարհանել թանգարանի կարևոր նմուշներից գորգեր և կարպետներ, հնագիտական այլ առարկաներ։
Բացմանը ներկա էին Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը, Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը, ավագանու անդամներ, մշակույթի գործիչներ:
Հնագետների խոսքով ներկայացված ցուցանմուշների մեծ մասը պատկանում է հայկական լեռնաշխարհի էթիունյան մշակույթին:
«Ֆենոմենն այն է, որ ուշ բրոնզ- երկաթեդարյան ժամանակաշրջանում, ի դեմս էթիունյան մշակույթի, կարող ենք փաստել, որ Հայկական լեռնաշխարհի գրեթե ողջ տարածքը մշակութային առումով եղել է միատարր»,- ընդգծել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը:
Ցուցադրությունը կգործի մինչև մայիսի 29-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան