Բերձորցիների ամանորյա ամենամեծ մաղթանքն է՝ Բերձորը մերը լինի, մերը մնա ու ապրենք
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը միչև այս պատերազմը 3000 բնակիչ է ունեցել, այսօր ընդամենը՝ մոտ 200։ Երկու դպրոց ունեցող քաղաքն այսօր չունի դպրոց՝ փակվել ու թալանվել են, 23 երեխա ամեն օր գնում է Աղավնո գյուղի դպրոց։ Panorama.am-ի հետ զրույցում այս տվյալները ներկայացրեց քաղաքի բնակիչներից Հարութ Ավանեսյանը։
«Այսօր քաղաքն ունի մոտ 200 բնակիչ։ Մեծ մասը պատերազմից հետո էլ մնացել են այստեղ, կան նաև վերադարձողներ։ Ամենայն հավանականությամբ, գարնանը էլի վերադարձողներ կլինեն։ Եթե պետական մակարդակով վերաբնակեցում լինի ինչպես մնացած շրջաններում, նաև պաշտոնական հայտարարություն, որ Բերձորը մերն է լինելու, կարող եք գալ ու հանգիստ ապրել, վստահ եմ, բերձորցիների կեսից ավելին հետ կվերադառնան»,- ասաց նա։
Հարութ Ավանեսյանը նշեց, որ շաբաթական երեք անգամ Բերձորի միջով ադրբեջանական հերթափոխ է գնում-գալիս ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։
Չնայած առկա խնդիրներին, Բերձորը պատրաստվում է Ամանորին։ Քաղաքում այսօր ամանորյա միջոցառում է անցկացվել։
«Ռուս խաղաղապահների հետ համատեղ միջոցառում էր։ Նվերներ էին հատկացրել նաև Հայ բարեգործական միությունը, Արցախի կրթության և գիտության նախարարությունը։ Մասնակցել են նաև Աղավնո գյուղի երեխաները»,- ասաց միջոցառման մասնակիցներից Հարութ Ավանեսյանը։
Նրա խոսքով, մարդիկ, ովքեր, ապրում են այստեղ, պարզ է, որ ընկճված չեն, որովհետև իրենք ապրում են։
«Ամենակարևորը, որ ես էլ չեմ կտրվում Բերձորից, իմ տունն է, ես իմ տնից չեմ կարող կտրվել։ Այնտեղ բնակվող բոլոր մարդիկ նույն ձև են մտածում՝ քանի հնարավորություն կա ապրել այստեղ, ապրենք։ Ասում են՝ հողն ապրողինն է, հետևաբար քանի հնարավոր է ապրել, փորձում ենք ապրել»,- նշեց նա։
Բերձորցիների ամանորյա ամենամեծ մաղթանքն է՝ 2022 թվականը նոր հույս բերի՝ Բերձորը մերը լինի, մերը մնա ու ապրենք։
«Դա առաջին հերթին մեզանից է կախված։ Արցախում չկա մի անվտանգ գյուղ, քաղաք կամ Ստեփանակերտում մի փողոց, որ ասեն՝ այս գյուղը կամ այս փողոցն անվտանգ է։ Նույն կարգավիճակն ունի Բերձորը։ Հետևաբար քանի հնարավոր է ապրել, ապրում ենք։
Իհարկե, այստեղ կան քաղաքական շատ հարցեր՝ Բերձորի կարգավիճակ, միջանցքի կարգավիճակ, բայց նույնը Ղարաբաղի մասին կարող ենք ասել ավելի մեծ մասշտաբով՝ Ղարաբաղի կարգավիճակ, վերջնական կարգավորում, բայց մարդիկ շարունակում են ապրել, երեխաներ են ծնվում, հաճախում դպրոց»,- ասաց Հարութ Ավանեսյանը։
Լուսանկարները՝ Հարութ Ավանեսյանի ֆեյսբուքյան էջից։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանն օկուպացված Բերձորում զորվարժություններ է անցկացնում
- Ռուս խաղաղապահներն ապահովել են Բերձորի միջանցքով 65,000-րդ մեքենայի անվտանգ անցումը Արցախ և հակառակ ուղղությամբ
- Ռուս խաղաղապահները ապահովում են Բերձորի միջանցքով երթևեկության, սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխման անվտանգությունը
- Բերձորի միջանցքով օրական միջին հաշվով 100 մեքենա է անցնում. ՌԴ ՊՆ
- Բերձորի միջանցքը հսկում է ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանությունը
- Ռուս խաղաղապահները շարունակում են ապահովել երթևեկության անվտանգությունը Բերձորի միջանցքում