Կառավարությունը հպարտանում է հպարտ քաղաքացու հաշվին՝ թանկացումների արդյունքում գերակատարած տարեկան բյուջեով
«2021 թ. պետական բյուջեի մասին օրենքով եկամտային մասը նախատեսվում էր 1 տրիլիոն 440 մլրդ դրամ և այս թիվը դեկտեմբերի 30-ի դրությամբ գերակատարվել է 146 մլրդով՝ կազմելով 1 տրիլիոն 586 մլրդ դրամ»,- կառավարության նիստում հայտնեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը և հավելեց, որ օրվա ընթացքում ևս ակնկալվում են մուտքեր՝ շրջանցելով փաստ, որ լրացուցիչ մուտքերի հիմնական պատճառը գնաճն է:
Նա հիշեց, որ վերջին ճշգրտված պլանը եղել է 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքով, որտեղ 2021թվականի համար նախանշվել էր 1 տրիլիոն 581 մլրդ դրամ:
«Մենք վերադրաձրել ենք 182 մլրդ դրամ հարկ վճարողներին՝ ավելացված արժեքի հարկի գծով և դեկտեմբերի 30-ին նախատեսում ենք վերադարձնել ևս 3 մլրդը»,- հայտնեց Բադասյանը և հավելեց. «Մենք այս տարի 200,5 մլրդ դրամ կամ 14,5 %-ով ավելի ենք հավաքագրել 2020-ի համեմատ, 121,4 մլրդ կամ 8,3 %-ով ավելի ենք հավաքագրել 2019-ի համեմատ»:
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն էլ տեղեկացրեց, որ 2021 թվականի բյուջեով սկզբնապես հաստատված 1 տրիլիոն 851 մլրդ դրամ ծախսերի փոխարեն կառավարությունն արդեն արել է 1 տրիլիոն 935 մլրդ դրամ ծախս:
Նա նաև տեղեկացրեց, որ կապիտալ ծախսերը կատարվել են 86 %-ով:
Ըստ Խաչատրյանի՝ քանի որ այս տարի եկամուտներն ավելացել են, դրանց մի մասն ուղղվել է արտաքին պարտքի սպասարկմանը և այն ծախսերի կատարմանը, որոնք պետք է արվեին արտաքին պարտքի հաշվին:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանին վերաբերող տարածաշրջանային որոշումների կայացումը հաճախ կամ գրեթե միշտ միայն մեզնից չէ կախված. Փաշինյան
- Ամանորին ընդառաջ կառավարությունը կընդունի Կոնդի կառավարական ամառանոցում բնակվողների սննդի և կեցության մասին որոշումը