Ամանորին ընդառաջ կառավարությունը կընդունի Կոնդի կառավարական ամառանոցում բնակվողների սննդի և կեցության մասին որոշումը
Կառավարությունը 2021 թվականի իր վերջին նիստում, Ամանօրին ընդառաջ, օրակարգ է ընդգրկել Կոնդի կառավարական ամառանոցում բնակվող պաշտոնյաների և նրանց ընտանիքների անդամների կեցության և սննդի հարցերի կարգավորման նախագիծը:
Նախագծով «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակի և առարկայի հստակեցման ներքո ամրագրվելու է պաշտոնյաների կեցության և սննդի ապահովման գործառույթը:
Նախագծի հեիմնավորման մեջ ասվում է. «Գնումների մասին» օրենքի «Գնման պլանավորումը և ֆինանսավորումը» վերտառությամբ 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում ներառվում են ազգային անվտանգության ապահովման, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, ներառյալ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական և ծրագրային, ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները:
2002 թվականի սեպտեմբերի 26-ի N 1635-Ա որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով Կազմակերպության գործունեության առարկան և նպատակը սահմանող ձևակերպումները չեն ապահովում բավարար հստակություն՝ Կազմակերպության կողմից «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց կեցության և սննդի սպասարկման և ապահովման գործառույթների պատշաճ իրականացման համար»:
Որոշման երկրորդ կետով «գերատեսչական առանձնատուն» բառակապակցությունը փոխարինվել է «ծառայողական առանձնատուն» բառակապակցությամբ:
Գործադիրն այսօր նաև օրակարգային 6 նախագծով պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին որոշումներ կկայացնի մի խումբ զինապարտների համար: