Իշխանությունները որևէ պատկերացում չունեն՝ ինչպես պետք է վերականգնել երկիրը. տնտեսագետ
Հայաստանում չկա ոչ միայն տնտեսության, այլ ընդհանրապես երկրի զարգացման տեսլական։ Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանն՝ ամփոփելով տնտեսական տարին։
Ըստ նրա՝ թեև այս տարվա ընթացքում եղել են զարգացման միտումներ, սակայն դրանք որևէ առնչություն չունեն սոցիալ-տնտեսական քաղաքականության հետ, որ պարտավոր է մշակել և իրականացնել պետությունը։
«Զարգացումը հիմնականում տեղի է ունեցել այս դժվար պայմաններում մասնավոր հատվածի համառության, հետևողականության շնորհիվ, առանձին-առանձին միկրոմակարդակում ձեռքբերված տեղաշարժերը ի վերջո հանգեցրել են որոշակի աշխուժության տնտեսության մեջ։ Այսինքն՝ մասնավոր հատվածն իր համար ճանապարհ է հարթում»,- նշեց տնտեսագետը՝ հավելելով, որ տնտեսությունը հիմնականում զարգանում է իներցիայով։
Ըստ նրա՝ թեև ղարաբաղյան երրորդ պատերազմից հետո երկիրը գտնվում է վերականգնողական փուլում, սակայն ՀՀ իշխանությունները որևէ պատկերացում չունեն, թե ինչպես պետք է դուրս գալ այդ իրավիճակից։
«Եթե վերականգնողական փուլում ենք, իսկ դա ակնհայտ է պատերազմից հետո, բացի այդ դեռ չենք հաղթահարել գլոբալ ֆինանսական ճգնաժամը, ապա այս առումով մենք չպետք է բավարարվենք 4,5-5% տնտեսական ցուցանիշներով։ Բայց մյուս կողմից անընդունելի եմ համարում անհիմն, օդից վերցրած թվեր կրակելը, ինչն անում է էկոնոմիկայի նախարարը և բոլորովին պատասխանատվություն չի զգում այդ թվերը չկատարելով։ Պետք է մի բան ասելուց առաջ մտածել։ Եթե դա ասվում է, հատկապես կառավարության ներկայացուցչի կողմից, անպայման պետք է հիմնավորել, քանի որ դրանով սպասումներ են ձևավորվում։
Իրականում մենք տնտեսությունը վերականգնելու կարիք ունենք և դրա համար հստակ առաջնահերթություններ են պետք։ Նախ պետք է առժամանակ բացառել ինքնապարգևատրումները, ներկայացուցչական ծախսերը, պաշտոնյաների համար մեքենաների գնումները։ Մինչև երկիրը չկայունանա, թող պաշտոնյաները ոտքով գնան աշխատանքի կամ օգտվեն հանրային տրանսպորտից։ Օրինակ, Արցախում բոլոր ղեկավարները միշտ այդպես են արել և դրա համար էլ այնտեղ չկան ժողովրդի հետ խզումներ, ինչպես Հայաստանում է»,- նշեց Թաթուլ Մանասերյանը։
Տնտեսագետը ներկայիս իշխանություններին փորձանք է համարում ժողովրդի գլխին՝ նշելով, որ պատերազմից, երկրաշարժից ավելի մեծ աղետ են, բայց այստեղ, ըստ նրա, զարմանալի է հանրության լռությունը։ «Զարմացնում է հատկապես մտավորականների լռությունը, որոնք չեն արձագանքում երկրում կատարվող իրադարձություններին, որոնք տանը նստած կամ մի անկյունում ծվարած արդեն իսկ դավաճանում են իրենց հայրենիքին և իրենց տեսակին։ Ովքեր լռում են, նրանք ոչ պակաս հանցակից են, քան այն մարդիկ, որոնք այսօր իշխանություն են ներկայացնում»,- ասաց տնտեսագետը։
Անդրադառնալով պետական պարտքին՝ Թաթուլ Մանասերյանը նկատեց, որ պարտքի աճը չհիմնավորված է, սակայն մի շարք հարցեր կան նաև պատերազմի ժամանակ «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցված նվիրատվությունների մասով։ Ըստ նրա՝ նման նախադեպ չի եղել, որ գումարները ծախսվեն և ոչ մի բացատրություն չտրվի այդ մասով։
«Այսինքն՝ անամոթությունը հասել է այնտեղ, որ ոչ միայն արտաքին աղբյուրներից ստացված գումարներն են մսխվում և ժողովուրդը դրանից բացարձակ տեղյակ չէ, լավագույն դեպքում կարող են ներկայացնել մարդկանց հարկերով կառուցված մեկ-երկու ճանապարհ, բայց դեռ հայտնի չէ, թե ում բարեկամն է դրանով զբաղված, կամ քանի անգամ կարող են ասֆալտապատել նույն ճանապարհը՝ աչքաթող անելով շատ ավելի կարևոր հատվածներ։
Ի վերջո այդքան մարդ՝ նույնիսկ թոշակառուները, դպրոցականները իրենց հավաքած գումարները փոխանցեցին հիմնադրամին, ինչու չեն ասում ինչ եղան դրանք։ Սրանց նպատակն է ամբողջությամբ ջարդել հայության հավատը։ Պետական պարտքն էլ հենց այդ տրամաբանության մեջ պետք է դիտարկել, քանի որ չկա որևէ պատասխանատվություն։ Իրենք պարտավոր են հարկատուներին, կամ այլ երկրներից գումարներ փոխանցած մարդկանց ներկայացնել, թե ինչի վրա են ծախսվել դրանք»,- նշեց Թաթուլ Մանասերյանը։
Իրականում, ըստ նրա, գործ ունենք ոչ պրոֆեսիոնալների հետ, որոնց շնորհիվ պետության գործառույթները կաթվածահար են եղել։
«Տկարամիտների մի ամբողջ հավաքածու է, որոնք կարող են ասել՝ գումար չկա հայրենիքը պաշտպանած և վիրավորված զինվորի պրոթեզների, նրանց բուժման համար, բայց կարող են այնքան ապուշ լինել, որ, օրինակ, մեծ քանակությամբ պատվաստանյութեր գնեն և տրամադրեն այլ երկրներից եկածներին։ Ես դեմ չեմ մարդասիրական մոտեցումներին, բայց առաջնահերթ պետք է հոգալ նրանց կարիքները, որոնք արյուն են թափել երկիրը պահելու համար։
Այսինքն՝ սա տկարամտության արդյունք է և անկառավարելի իրավիճակի։ Ոմանք հորջորջում են, թե կարևոր չէ ոլորտի մասնագետ լինելը, կարևորը լավ մենեջեր լինելն է, բայց սա՞ է մենեջերությունը՝ մսխել բոլորի գումարները և ասել՝ որևէ մեկի գործը չէ, մենք գիտենք, թե ինչ ենք անում»,- ասաց Թաթուլ Մանասերյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան