Վանեցյան. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը վտանգավոր է, Հայաստանի շահը որևէ կերպ ներկայացված չէ
«Մեզ տանում են թուրքական օրակարգով հարաբերությունների հաստատման։ Թուրքիան մշտապես հայտարարել է, որ նախապայմաններ ունի՝ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար»,-այս մասին «Հրապարակ»-ին տված հարցազրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Նա հիշեցրել է Անկարայի առաջ քաշած նախապայմանները՝ Արցախից հրաժարվելը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը, պահանջատիրությունից հրաժարվելն ու իր տարածքային ամբողջականությունը ճանաչելը։
«44-օրյա պատերազմից հետո ավելացավ ևս մեկը՝ իրենց տերմինաբանությամբ ասած՝ Զանգեզուրի միջանցքի տրամադրումը։ Անկարան ոչ մի օր չարեց հայտարարություն, որ հրաժարվում է այս նախապայմաններից և պատրաստ է առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման։ Դրա մասին միայն Հայաստանի իշխանություններն են խոսում։ Եվ, ուրեմն, եթե Թուրքիան չի հրաժարվում իր նախապայմաններից, բայց միաժամանակ հայտարարում է, որ բարենպաստ միջավայր է ստեղծվել հարաբերությունները կարգավորելու համար, ուրեմն չի՞ ստացվում արդյոք, որ այս իշխանությունները համաձայնել են բավարարել այդ նախապայմանները։ Ես հիշեցնեմ․ այդ նախապայմաններն էին՝ հրաժարվել Արցախից, հրաժարվել Ցեղասպանության ճանաչումից ու պահանջատիրությունից և «Զանգեզուրի միջանցք» տրամադրել։ Ընդ որում, մենք հաճախ ենք խոսում արցախյան հարցին և միջանցքին առնչվող նախապայմանների մասին, և կարծես անտեսվում է Ցեղասպանության հարցի կարևորությունը։ Ես նորից ուզում եմ ընդգծել, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացը ոչ միայն և ոչ առաջին հերթին պատմական արդարության վերականգնման նպատակ է հետապնդում։ Այն կարևոր անվտանգային հարց է Հայաստանի ու հայ ժողովրդի համար»,-նշել է Արթուր Վանեցյանը։
ԱԱԾ նախկին տնօրենի խոսքով, հայ-թուրքական այսօրվա գործընթացի համատեքստում մեկ այլ կարևոր հարց էլ կա՝ այս գործընթացը երկկո՞ղմ է՝ առանց միջնորդի, թե՞, այնուամենայնիվ, կա միջնորդ կողմ կամ միջնորդներ։
«Սա ևս չափազանց կարևոր է գործընթացի ամբողջական պատկերը հասկանալու տեսանկյունից։ Եթե փորձեմ կարճ, ապա պիտի նշեմ, որ սա խիստ վտանգավոր գործընթաց է, որտեղ Հայաստանի շահը որևէ կերպ ներկայացված չէ»,-նշել է նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյան. Իրավապահ համակարգն իշխանության կամակատարն է դարձել՝ բառի բուն իմաստով
- Վանեցյան. Աննախադեպ նվաճումների մասին բարձրաձայնող իշխանությունը խնդիրների աննախադեպ փունջ բերեց
- Արթուր Վանեցյան. Հայաստանի այս իշխանություններն ի վիճակի չեն պատշաճ կերպով ներկայացնել ու պաշտպանել Հայաստանի և Արցախի շահերը միջազգային հարթակներում