Հայաստանին վերաբերող տարածաշրջանային որոշումների կայացումը հաճախ կամ գրեթե միշտ միայն մեզնից չէ կախված. Փաշինյան
«2021 թ. հետպատերազմյան հետևանքների արտահայտման տարին էր և մեզանից շատ լուրջ ջանքեր պահանջվեցին, որպեսզի Հայաստանի Հանարպետությունում և նրա շուրջ իրավիճակը կարողանանք պահել կառավարելի»,- կառավարության այսօրվա նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ ընթացիկ տարվա մեկնարկին Հայաստանն այդպիսի խնդիրներ ուներ:
Նրա խոսքով՝ պետական կառավարման համակարգից շատ մեծ ջանքեր պահանջվեց, որպեսզի իշխանությունը կարողանա անցնցում հաղթահարել ներքին իրադրության բերումով 2021 թվականը:
«Արտաքին միջավայրում մենք շատ լուրջ խնդիրներ ունեցանք և շարունակում ենք ունենալ: 2021 թվականի մայիսից սկսած Սոթք-Խոզնավար հատված ադրբեջանական զինված ուժերի ներխուժման փաստը, դրանից բխող հետևանքները, նաև նոյեմբերի 16-ին տեղի ունեցած միջադեպը էլ ավելի են ընդգծում անվտանգային միջավայրում մեր ունեցած խնդիրները»,- ասաց Փաշինյանը:
Նա առաջարկեց մեկ րոպե լռությամբ ոտնկայս հարգել 2021 թվականին և նախկինում հայրենիքի համար իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակը:
«Ինչքան էլ մեր պատրաստակամությունը մեծ է մեր վրա վերցնել որոշումներ կայացնելու պատասխանատվություն, պետք է նաև արձանագրենք, որ այդ որոշումների կայացումը հաճախ կամ գրեթե միշտ միայն մեզնից չէ կախված»,- հայտարարեց Փաշինյանը՝ հիմնավորելով տարածաշրջանում Հայաստանի խնդիրները լուծելու և սերունդներին ամրագրված իրավիճակ թողնելու իշխանությունների ձգտումը:
«Պիտի բոլոր ջանքերը ներդնենք, որպեսզի 2022 թվականը լինի վերելքի և վերածննդի տարի»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով գալիք տարվա անելիքներին՝ նա ասաց, որ հետպատերազմյան օրակարգը և հետևանքները դեռ իրենց երկար են զգացնել տալու, և պետք է քայլ առ քայլ ու հետևողականորեն հաղթահարել այդ վիճակը, փորձել լուծել բոլոր այն խնդիրները, որոնք առկա են արտաքին օրակարգում:
«Այնուամենայնիվ, մենք պետք է մեզանից կախված հնարավորն անենք լուծումների գնալու համար, մենք պետք է մեզնից կախված ամեն հնարավորն անենք, որպեսզի հաջորդ սերունդներին ու հաջորդ կառավարություններին ոչ թե շարունակաբար բարդացող խնդիրներ ժառանգենք, այլ ժառանգենք կայուն իրավիճակ, արձանագրված, ամրագրված իրավիճակ, ինչը առանցքային նախապայման է երկրի հետագա բնականոն զարգացումն ապահովելու համար»,- հայտարարեց Փաշինյանը և հավելեց. «Մենք պետք է կարողանանք ֆիքսել իրավիճակն ու մեր հռչակած Հայաստանի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգը, ի վերջո, կարողանանք հասցնել լրումին»: