9 000 -ից ավել մարդ համարում է՝ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը չեն ներկայացնում հայկական պետականության և հայ ազգի շահերը
8 854 մարդ երեք օրում միացել է Change.org կայքում իրականացվող «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Հայաստանն էլ թուրքական միջանցք չէ» ստորագրահավաքին։
Հայտարարության մեջ ասված է.
«Մենք՝ ներքոստորագրյալներս, Հայաստանում (ներառյալ Արցախում) և տարածաշրջանում ներկա զարգացումներում հայկական պետականության և հայ ազգի ապագայի համար լրջագույն սպառնալիքներ տեսնելով, հայտնում ենք․
• Նիկոլ Փաշինյանը և իր թիմը չեն ներկայացնում հայկական պետականության և հայ ազգի շահերը,
• բռնապետներ և ռազմական հանցագործներ Իլհամ Ալիևի և Էրդողանի հետ Նիկոլ Փաշինյանի ցանկացած համաձայնություն առ ոչինչ է,
• ավելին, իրավականորեն առ ոչինչ է Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի անունից ստորագրած որևէ փաստաթուղթ, որևէ համաձայնություն, եթե այն մշակվում և ընդունվում է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ուղիղ ռազմական ագրեսիայի պայմաններում՝ հարձակումների, ներխուժումների, սադրանքների, այնպես էլ ուժի կիրառման սպառնալիքների ներքո։
Մենք պնդում ենք, որ.
• Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
• Արցախյան հիմնախնդրի լուծման հիմքում արցախահայության ազատ ինքնորոշման իրավունքն է, որը միջազգային իրավունքի սկզբունք է։
• Արցախյան հիմնախնդրի որևէ լուծում վերջնական չէ, քանի դեռ Ադրբեջանը չի դեօկուպացրել Արցախից գրաված տարածքները,
• Հայաստանի Հանրապետության տարածքով չի կարող անցնել որևէ այլ երկրի ամբողջական կամ մասնակի վերահսկողության տակ գտնվող որևէ «միջանցք» (անկախ այն բանից, թե ինչ անունով այն կներկայացվի հայ հանրությանը)։
• Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման շուրջ որևէ բանակցային գործընթաց կամ փաստաթուղթ անվավեր է, քանի դեռ Ադրբեջանի զինված ստորաբաժանումները շարունակում են մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում։
• Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը չի կարող լինել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ազգային-պետական շահերին ի վնաս և հայոց պահանջատիրությունից հրաժարվելու հաշվին։
Այսպիսով, hանուն.
-Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ներկայի և ապագայի,
-Հայաստանում (ներառյալ Արցախում) և աշխարհի ցանկացած անկյունում ապրող և ծնվող հայ երեխաների,
-Հայաստանի և Արցախի գոյության համար իրենց կյանքը չխնայած բոլոր հերոսների,
և հատկապես
-2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած պատերազմում իրենց կյանքը զոհած մեր հազարավոր եղբայրների ու նրանց սրբազան հիշատակի
կոչ ենք անում մեր հայրենակիցներին.
• չհամակերպվել մեզ պարտադրվող պարտվողական, կործանարար և ստորացուցիչ օրակարգի հետ,
• չլռել, հակահայկական օրակարգերի հանդեպ մեր անհանդուրժողականությունը, մեր անհամաձայնությունն արտահայտել նաև սույն հայտարարությանը միանալով»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին