Ադրբեջանի կողմից օկուպացված Բերձորի շրջանի գյուղերից մեկում ձերբակալվել է ծառայակիցներին գնդակահարած ադրբեջանցի սահմանապահը
Արցախի Հանրապետության Բերձորի շրջանի օկուպացված գյուղերից մեկում ձերբակալվել է ադրբեջանցի սահմանապահը, որը հունվարի 2-ին սպանել էր երեք ծառայակցի։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Telegram-ալիքում հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը։
Նշվում է, որ սերժանտ Էլհան Էվեզլին հանցագործություն կատարելուց հետո, որի պատճառները դեռ պարզված չեն, նետել էր զենքն ու դիմել փախուստի։ Սպանվել էին ավագ լեյտենանտ Յուսիֆ Իսմաիլովը, կրտսեր ենթասպաներ Ամիլ Ջալիլզադեն և Ռաֆաիլ Իբրահիմովը։
Կասկածյալը հունվարի 3-ին, ժամը 00.30-ի սահմաններում, հայտնաբերվել և բերման է ենթարկվել Արցախի Հանրապետության բերձորի շրջանի Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքի գյուղերից մեկից։
«Գլխավոր դատախազությունը քրեական գործը վերցրել է հատուկ հսկողության տակ և հետաքննությունը շարունակելու հանձնարարական է տվել զինդատախազության քննչական վարչությանը»,-ասվում է հաղորդագրությունում։