Թուրքական զինուժը հրետակոծել է Սիրիայի Հասեքե նահանգի Աբու Ռասեյն շրջանը
Թուրքական բանակի հրետանին հրթիռային և ականանետային կրակ է բացել Սիրիայի Հասեքե նահանգի հյուսիսում գտնվող Աբու Ռասեյն շրջանի վրա։ SANA գործակալությունը հաղորդում է, որ արձակված արկերը պայթել են Ալ-Ասադիյա, Խադրաուի և Մշեյրֆա բնակավայրերում, խաղաղ բնակիչներ չեն տուժել, սակայն նյութական վնասներ են հասցվել տներին ու շինություններին։ Լուրը փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Թուրքական զորքերի հրետակոծությունը տեղի բնակիչներին ստիպել է լքել իրենց տները՝ շարժվելով դեպի Հասեքե վարչական կենտրոն (Դամասկոսից 630 կմ հեռավորության վրա)։ Ականատեսների վկայությամբ՝ վերջին օրերին Աբու Ռասեյնի շրջանը և հարևան Թել Թամերը պարբերաբար ենթարկվում են թուրքական հրետանու և Անկարայի հովանավորած սիրիական զինված ընդդիմության ստորաբաժանումների հարձակումներին։ Արդյունքում ավելի քան 1400 ընտանիք լքել են իրենց տները։
2021 թվականի դեկտեմբերի 21-ին թուրքական զորքերի և նրանց դաշնակիցների կողմից հրետակոծության զոհ դարձան երեք խաղաղ բնակիչ, ևս 10 մարդ վիրավորվեց, այդ թվում՝ երեխաներ։