«Մաթեմիկ»-ն ու նրա նպատակը. Ունենալ Մոնթեի ոգով գերկրթված սերունդ
Շաբաթը մի քանի անգամ արցախցի մի քանի տասնյակ երեխաներ արթնանում են վաղ առավոտյան ժամը 5։30-ին։ Ժամը 6։00-ին նրանք արդեն հեռախոսների, համակարգիչների դիմաց են՝ վայելելու «Մաթեմիկ» ՀԿ-ի ծրագրի շրջանակում անցկացվող դասերը։ Այդ ժամին, երբ բոլորը քնած են, ինտերնետ կապը համեմատած արագ է։
Արցախի տարբեր բնակավայրերից 12-16 տարեկան երեխաներ կամավոր ուսուցիչների օգնությամբ սովորում են մաթեմատիկա, ծրագրավորում, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, հայոց լեզու, օտար լեզուներ, հայոց և համաշխարհային պատմություն։
«Մաթեմիկ» նախաձեռնության հիմնադիրը Տիգրան Առուշանյանն է՝ ծնունդով վանաձորցի, մասնագիտությամբ հաշվապահ, մաթեմատիկոս։ Նա հիմա մաթեմատիկա է դասավանդում Լոռու մարզի Ամրակից գյուղում, մինչ այդ, Բլոգոդորնոյե, Կաթնառատ համայնքներում, Գեղարքունիքի սահմանամերձ Վահան գյուղում։
Պատերազմի ավարտից հետո Տիգրանն էլ շատերի նման անընդհատ մտածում էր՝ ի՞նչ անել։
«Հասկացա, թե ինչքան կարևոր է կրթությունը, այս ուղղությամբ պետք է ինչ-որ բան անել։ Սկզբում «Մաթեմիկ»-ն ուղղակի նախաձեռնություն էր, կազմակերպեցինք ամառային դպրոց։ Ես մտածեցի, որ արձակուրդները պետք է օգտագործել երեխաների ակադեմիական աճի ու բարելավման համար»,-Panorama.am-ի հետ զրույցում պատմում է Առուշանյանը։
Գաղափարին հետևում են երեխաների ու հովանավորների որոնումները։ Ֆեյսբուքյան գրառումից հետո Տիգրանի ծանոնթները, բարեկամները, հարազատները, նաև անծանոթներ գումար են փոխանցում նախաձեռնության իրականացման համար։
Մանկավարժն իր մեքենայով Վանաձոր-Տաշիր ուղղությամբ գտնվող գյուղերում փնտրել է մաթեմատիկայով հետաքրքրված երեխաների, հավաքել 60 երեխա։
«Շատ դժվար էր։ Գյուղեր, ավանդական ընտանիքներ... եղել են դեպքեր, երբ հատկապես աղջիկ երեխաների ծնողներին համոզել եմ, խնդրել, որ վստահեն։ Ամեն օր նրանց տարել ենք Վանաձոր, վերադարձրել տներ։ Երեխաներին բաժանեցինք խմբերի՝ «Լոռի» և «Արցախ» ու սկսեցինք աշխատել»,- ասում է նա։
Նախաձեռնության մեկնարկին Տիգրանին միանում է նաև ծրագրավորման ուսուցիչ, ամառային դպրոցի ընթացքում երեխաները սերտել են մաթեմատիկա, ապա մյուս սենյակում կոդավորել, ծրագրավորել անցածը։ Դպրոցի ավարտից հետո արձագանքներն անսպասելի էին. թե երեխաները, թե ծնողները խնդրել են շարունակել։
«Երեխաների մոտիվացիան շատ մեծացավ։ Եթե ընդհատեինք, դա նման կլիներ այն բանին, որ սոված մարդուն տանենք, ցույց տանք լավ ուտելիքներ, ու ասենք, դե գնա քո տուն։ Այդ երեխաներն ուսման ծարավ են, տարանք ցույց տվեցինք գիտելիքը, նրանք ուզում են շարունակել։ Ահա այսպես «Մաթեմիկ»-ը դարձավ հասարակական կազմակերպություն»,- պատմում է Տիգրանը։
Նա սկսում է դիմել ՏՏ ընկերությունների, ներկայացնում կատարած աշխատանքը, անելիքն ու նպատակը։ Նույնիսկ աշխատանք չունեցող ընտանիքները պատրաստակամություն են հայտնում որոշակի գումար փոխանցել, միայն թե երեխաները շարունակեն գիտելիքներ ստանալ։ Ծրագրի մասնակից երեխաների դպրոցներից էլ դրական արձագանքներ են գալիս՝ այսինչ երեխան բավականին առաջընթաց ունի, մյուսն անհավատալի կերպով փոխվել է...
«ՎՕԼՕ» ընկերությունը համաձայնում է համաֆինանսավորել աշնանային դպրոցը, տրամադրել աշխատակիցներ լոռեցի աշակերտների համար դասընթացներ անցկացնելու համար, պատրաստակամություն է հայտնում հետագայում նրանց որպես պրակտիկանտ ընդունել։ Դպրոցի համար անհրաժեշտ միջոցների մի մասն էլ մեր հայրենակիցներն են տրամադրում։
Մի քանի ամսում լոռեցի երեխաների գրանցած առաջադիմության, մոտիվացիայի, արդյունքների շնորհիվ առաջացած ոգևորությամբ ՀԿ-ն նախաձեռնում է «Մաթեմիկն Արցախում» ծրագիրը, որին արագ միանում են մի քանի տասնյակ կամավոր ուսուցիչներ Հայաստանից ու այլ երկրներից։
«Երբ մտածոմ էի այս ծրագրի մասին՝ նպատակը ակադեմիական գիտելիքների բարձրացումն էր։ Բայց դասերի ընթացքում ու արդյունքում ամրապնդվեց կապը արցախցի երեխաների ու մասնագետների, միմյանց հետ։ Կամավոր ուսուցիչները, երբ խոսում են սաների մասին, ասում են՝ երեխաներս։ Հիմա մի քանի ուսուցիչներ նվերներ են տվել, որ փոխանցենք իրենց արցախցի աշակերտներին։ Երեխաներն էլ ինձ նամակներ են գրում, թե ինչքան ուրախ են, շնորհակալ, որ ծանոթացել են, օրինակ, ընկեր Լուսինեի հետ...»,- պատմում է ՀԿ հիմնադիրը։
Ծրագրին աջակցողների թիվն ավելանում է։ Եղել են մարդիկ, որ Հայաստանից Արցախ համակարգիչներ են տարել, նվիրել դասընթացին մասնակից երեխաներին, որպեսզի նրանք կարողանան պատշաճ կերպով մասնակցել դասընթացին։
Արցախի կառավարության անդամները գրկաբաց են ընդունել Տիգրան Առուշանյանին, ողջունել ու կարևորել ծրագրի նպատակները, խոստացել են աջակցել ինչով կարող են։ Հայաստանում պետական որևէ մարմնից արձագանք չի եղել։
«Ես համարում եմ, որ պետությունը պարտավոր է կանգնել այն նախաձեռնությունների կողքին, որոնք տեսանելի արդյունքներ են ցուցաբերում։ Կարելի է նախարարությունում մի խումբ ստեղծել, որը կուսումնասիրի նախաձեռնությունները, կգնահատի դրանց արդյունքները, հնարավորության դեպքում նաև կաջակցի թեկուզ խոսքերով։ Այ օրինակ, Հայաստանի կառավարությունը պետք է օգնի Արցախի կառավարությանը լուծելու ինտերնետի խնդիրը։ Վատ կապի, դրա բացակայության պատճառով երեխաները կտրված են արտաքին աշխարհից։ Այ եթե կապի խնդիրը լուծեն, ապահովեն արագ ինտերնետ, մենք կունենանք շատ ավելի լավ արդյունքներ»,- ասում է Տիգրանը։
Նրա խոսքով, այս պահին Արցախում մոտ 100 երեխա էլ սպասում է, որ ընդգրկվի դասընթացին։
«Մի ծնող ինձ գրել է՝ ապշած է, իր շատ չարաճճի տղան օր ու մեջ զարթուցիչ է միացնում, առավոտյան 5։30 արթնանում է, որ միանա ծրագրավորման դասին։ Կապն էդ ժամին արագ է»,-պատմում է նա։
Լոռեցի, արցախցի երեխաների հետ աշխատելուց հետո Տիգրանը համոզվել է՝ հրաշալի սերունդ ունենք, նրանք խելացի են ու հայրենասեր։ Միայն թե գյուղերում դպրոցահասակ տղաները սովորելն ու դաս պատմելը դեռ ամոթ են համարում։ Խնդիրը լուծելու համար Տիգրանն առաջարկում է ավելի շատ խարիզմատիկ, հարգված, հաջողակ, խելացի տղամարդ ուսուցիչներ ներգրավվել դպրոց, բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը։
«Ես ինձ ու իմ ընտանիքին անհրաժեշտ գումարն աշխատելու եմ, դրա համար անում եմ տարբեր գործեր՝ առևտուր եմ անում, տուրիստական վայրեր եմ մարդկանց տեղափոխում...։ Բայց ես զգում եմ, դա վատ է ազդում հայրենիքի ապագայի վրա, 200 երեխա ինձանից ավելի քիչ բան է վերցնում։ Պետությունը կարող է 400 հազար դրամ գումար վճարել ուսուցչին ու պահանջ դնել՝ երկրորդ տեղ մի աշխատեք։ Այ էդ ժամանակ, դուք կտեսնեք, թե ինչպես է բարձրանում կրթության որակը։ Բայց ես այսօր ուսուցիչներ գիտեմ, որ իրենց կովերին ավելի շատ ժամանակ են տրամադրում, քան աշակերտներին։ Բաց այդ մարդկանց մեղադրելու չէ»,- նշում է նա։
«Մաթեմիկ»-ը շարունակական դարձնելու, զարգացնելու, ընդլայնելու, հետաքրքիր տեսադասեր պատրաստելու ծրագրեր ունի Տիգրանը։ Դրանց համար ֆինանսական միջոցներ են պետք։ Տոներից հետո էլի դիմելու է ՏՏ ընկերությունների, ներկայացնելու է անելիքը, խնդրելու համագործակցություն։ Գումարների մեծ մասը ծախսվում են երեխաներին տրամադրած համակարգիչների ի հայտ եկած անսարքությունների վերացման համար, ինչպես նաև լավագույն արդյունքներ ցուցաբերած երեխաներին մոտիվացնելու համար մրցանակներ են տալիս, ուսուցիչներին են վարձատրում։
«Մեր վերջնական նպատակն է անպայման ունենալ Մոնթեի ոգով գերկրթված սերունդ։ Պետք է համատեղել հայրենասիրությունն ու գիտելիքը։ Մարդն ինչքան էլ հայրենասեր լինի, եթե գիտելիքների պաշար չունենա, մազերը պոկելու է անճարությունից։ Եթե մարդն ունի գիտելիք, բայց հոգեպես կապված չէ հայրենիքին, ապա վաղը թողնելու է գնա հայրենիքից։ «Մաթեմիկ»ը նրա մասին է, որ մենք պետք է կրթությունը կապենք Հայրենիքի հետ: «Մաթեմիկ»-ը երեխաների օգնությամբ ձևավորում է վաղվա Հայրենիքի շարժիչ ուժը։ Ես վստահ եմ, որ մի օր մի մեծահարուստ մարդ ինձ ասելու է՝ «գազ տուր», իսկ ֆինանսական մասը ես կապահովեմ»,- ընդգծում է նա՝ իսկ մինչ այդ հիշեցնում, որ կարող եք ձեր ներդրումն ունենալ այս կրթական նախաձեռնությանը և մասնակիցը լինել մեծ ու հզոր փոփոխությունների։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան