Դավիթ Տոնոյանն անակնկալներ է խոստանում
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որն այս պահին կալանավորված է, պատասխանել է մի քանի լրատվամիջոցների հարցերին։
Նա նշել է, որ ցանկացած դեպքում պահանջելու է բաց ու հրապարակային դատավարություն։
«Մինչ այս պահը ես զսպվածություն եմ պահպանել քաղաքական գործընթացներում ներգրավվելու առումով և դրա մասին է եղել իմ փաստաբանների հայտարարությունը։ Դեռևս առիթներ կլինեն հանրությանը ներկայացնելու իմ պարզաբանումները 44-օրյա պատերազմի վերաբերյալ՝ ստեղծվելիք քննիչ հանձնաժողովների միջոցով, իհարկե, եթե ապահովվի վերջինիս աշխատանքի օբյեկտիվությունն ու անկողմնակալությունը»,-նշել է նա։
Անդրադառնալով այն հարցին, թե իրեն փորձում են «քավության նոխազ» դարձնել 2020 թվականին կրած պարտության համար, Դավիթ Տոնոյանն ասել է.
««Քավության նոխազ» գտնելու տեսանելի ցանկությունն, այսպես ասած, սավառնում է քաղաքական դաշտում, բայց, կարծում եմ, այս առումով լինելու են անակնկալներ։ Մի բան հստակ է, որ գործ ունենք ինձ եւ պաշտպանական համակարգը վարկաբեկելու մոլեռանդ ցանկության հետ։ Դրա վառ ապացույցն է այն, որ գործում ունենալով տեղեկություններ, որ «անպիտան» որակված հրթիռները գտնվել են ժամկետի մեջ, անգամ 44-օրյա պատերազմի ընթացքում են կիրառվել եւ լուծել մարտական խնդիր, այդուհանդերձ վարույթն իրականացնող մարմինը հայտարարություն է տարածել, թե «ՀՀ ՊՆ-ին հատկացված միջոցների հաշվին ձեռք են բերվել տեխնիկական բնութագրին եւ ՀՀ սպառազինության պահանջմունքներին չհամապատասխանող, շուկայական արժեքից էականորեն թանկ, շահագործման համար պիտանելիության ժամկետները սպառված հրթիռներ, ինչի վկայությունն է նաեւ այն, որ մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել եւ դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ»:
Վստահ եղեք, որ պատերազմի այլ արդյունքի պարագայում այսպիսի քրեական գործեր չէին հարուցվի։ Հակառակորդի գլխին թափվել է եւ նրան ոչնչացրել է շատ ավելի վաղ արտադրության զինամթերք։
Ինչպես ասել եմ դեռեւս 2020թ. նոյեմբերի 20-ի իմ ուղերձում, պատրաստ եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը: Բայց միայն իմ արածի եւ ոչ թե չարածի համար»
Հարցազրույցն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին