Իրանը դեռ չի ճանաչում Աֆղանստանի նոր կառավարությունը
Թեհրանը պաշտոնապես չի ճանաչում Աֆղանստանի ներկայիս իշխանություններին՝ ի դեմս թալիբների, քանի դեռ չի ձևավորվել ներառական կառավարություն:«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ասել է Քաբուլում Իրանի դեսպան Բահադուր Ամինիանը։
«Եթե մի խումբ գալիս է իշխանության և բաղկացած է մեկ էթնիկ խմբի ներկայացուցիչներից, իսկ մյուս բոլոր էթնիկ խմբերը կառավարության մաս չեն կազմում, մենք դա չենք ընդունում, և, հետևաբար, սիրով կոչ ենք անում թալիբների առաջնորդներին ստեղծել ներառական կառավարություն»,-ասել է դեսպանը աֆղանական Tolo News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա նաև նշել է, որ Թեհրանը կարող է համոզել այլ երկրներին ճանաչել Աֆղանստանի կառավարությունը, եթե թալիբները բարեփոխումներ իրականացնեն կառավարության կառուցվածքում։ Թալիբան շարժման ներկայացուցիչ Ինամուլլա Սամանգանինն իր հերթին հեռուստաալիքին ասել է, որ դեսպանի հայտարարությունները Աֆղանստանի ներքին գործերին միջամտելու փորձ են։