Չորաթանցու արկածներն Իտալիայում
Սիրուն ու խաղաղ լեռների մեջ խաղաղ մարդկային կյանք երազող մի գյուղ կա՝ անունը Չորաթան: Այդ գյուղի կենտրոնում՝ Բոմբեյի թաղում, սիրուն ծաղիկներով զարդարված ու ահռելի չափարով այգով մի տուն կա, որի պատշգամբից բացվող տեսարանի շքեղությամբ մեծացած երեխան հիմա իտալական հրաշք Բարի քաղաքից համակարգիչը ձեռքին, Չորաթանի տնական մեղրը կողքին դրած ու էս տողերը իրենց Տավուշի բարբառով արտասանելով պատմում է իր մասին ու փորձում կարոտի հերթական ալիքը խեղդել:
Նա Հայկն է, սովորում է «Գլոբալիզացիայի և Եվրոպական ինտեգրման տնտեսագիտություն» մագիստրոսական ծրագրով։ Հայկը «Էրազմուս Մունդուս» կրթաթոշակակիր է, որը ենթադրում է նաև ուսման վարձի ամբողջական փոխհատուցում երկու տարիների համար, ամսական կրթաթոշակ բոլոր ծախսերը հոգալու համար, ճանապարհածախսի փոխհատուցում, քանի որ յուրաքանչյուր կիսամյակը անցկացնելու է տարբեր երկրներում։ Հայկն աշխարհի այն քչաթիվ ուսանողներից է՝ ուղիղ 3 տոկոսի մեջ է մտնում, որ հաղթահարել է այդ բարդությունն ու արժանացել կրթաթոշակի։ Այժմ սովորում է Իտալիայում, Բարիի Ալդո Մորո համալսարանում, փետրվարից կտեղափոխվի Բելգիա, Գենտի համալսարան, իսկ երրորդ կիսամյակի համար տատանվում է Տարտուի համալսարանի (Էստոնիա) և Կանտամբրիայի համալսարանների (Իսպանիա) միջև։ Մնացածը կպատմի ինքը։
Ես Հայկն եմ
Կարճ ասած՝ ես Հայկն եմ, 22 տարեկան, Տավուշից: Երբ Հայաստանում էին ասում իմ մասին պատմեմ, ամբողջ արածս աշխատանքները միանգամից աչքիս առաջ էին հայտնվում, բայց երբ արդեն քանի ամիս է ինձ էդ հարցն են տալիս, իմ պատասխանը դառնում ա կարճ ու կոկիկ. ես Հայկն եմ, Հայկի երկրից, որին դուք Արմենիա եք ասում: Հիմա արդեն չեմ էլ հիշում իմ մասին ինչ կարող եմ պատմել, բայց մի բան լավ գիտեմ. իմ ընտանիքից զատ ուրիշ մեկը անզոր էր իմ մեջ էսքան սեր առաջացնել ուսման ու հարգանք՝ գիտության հանդեպ: Մենք լեռների ժողովուրդ ենք, մենք դժվարորեն սովորել ենք կյանքի դասերը, բայց հեշտորեն փոխանցել եկող սերունդներին:
Բակալավրս սովորել եմ «Ժողում», որին հիմա շատ եմ կարոտում: Բակալավրս հիմնականում կոնտրոնացված է եղել ֆինանսների, հաշվապահության ու տնտեսագիտության վրա: Բայց ավելի շատ ինձ հետաքրքրում էր մակրոտնտեսագիտությունը ու շուկաների կարգավորումը տնտեսագիտական գործիքների միջոցով, որը ցավոք Հայաստանում մինչև վերջ չէի գտնում: Հետո՝ Գերմանիայում սովորելուց հետո, պրոֆեսորներս սեր արթանցրեցին միջազգային տնտեսագիտության նկատմամբ: Հիմա սովորում եմ Գլոբալիզացիայի և Եվրոպական ինտեգրման տնտեսագիտություն, որը բավականին բարդ ու խուճուճ է, երբմեն հանձնվելու չափ խուճուճ, երբեմն էլ սիրահարվելու չափ գանգրահեր:
Չորաթանցին Իտալիայում
Մի փոքր սեր էլ ունենաս մշակույթի նկատմամբ, անհնար է Իտալիան քո ֆավորիտների ցուցակում չլինի: Էս կարգախոսով եկել եմ, բայց հիմա վստահ եմ, որ առանց դրա էլ Իտալիայի նկատմամբ անտարբեր չես կարող լինել:
Իտալական առօրյաս բաղակացած է երկու ծայրահեղականություններից. առավոտյան իննից մինչև ուշ երեկո դասեր ու ճմրթված դեմքով քսանմեկ տարեկան մի հայ ջահել, ով պահի տակ չի էլ հասկանում, թե ոնց է գոյությունը քարշ տալիս, իսկ դասերը վերջացնելուց հետո նույն ջահելը վերածվում է երես առած էրեխու, ով հիմնականում շփվում է տեղացիների հետ ու առավելագույնս բացահայտում ու սիրում իտալացիներին, ում համար էդ իտալացիները համարյա ամեն օր մի նոր իտալական ուտեստ են պատրաստում, հետո նստացնում մեքենան ու ման տալիս հարավային Իտալիայում. մի խոսքով, դայակություն են անում: Օրվա մի մասն էլ ուղղակի նստում եմ ծովի ափին ու կարոտում Հայաստանը, բայց իտալացիները էդ հարցում էլ են ինձ օգնում. ցանկացած դժվար պարագայում ինձ իտալական սնունդ են տալիս:
Մագիստրատուրա ընդունվելը
Մագիստրատուրա ընդունվելը ինձ համար մի ուրիշ հաճելի չարչարանք էր, քանի որ ընդունվելուց բացի հարկավոր էր կրթաթոշակ բոլոր ծախսերի համար: Գերմանիայից հետ եմ վերադարձել ու միանագամից սկսել պատրաստվել մագիստրատուրային, որովհետև սա նպատակ էր, որը ինձ կօգներ գիտության մեջ իսկապես առաջ գնալու ու Հայաստանում միանգամից մեծ ներդրում ունենալու համար: Բարեբախտաբար, բոլոր փուլերը հաջողությամբ հաղթահարեցի ու ստացա էն սպասված նամակը, որ աշխարհի բոլոր ծայրերից դիմած ուսանողներից էն 2%-ի մեջ եմ, ով կշարունակի ուսումը էս ծրագրով ու կստանա ամբողջական կրթաթոշակ:
Նոր միջավայրին ադապտացվելը
Ես նորություն սիրող մարդ եմ, մոնոտոնությունից հոգնող, հետևաբար շատ հեշտ եմ ադապտացվում, հատկապես, որ Գերմանիայի «չոր ու ցամաք» կյանքից հետո սկսեցի իտալական կյանքը, որը աննկարագրելի ֆանտաստիկ ա: Միակ խնդիրը Հայաստանից հեռու լինելն է, առանց Արարատի տեսարաններ ունենալն է, «ջան»-իս «ջան»-ով պատասխան չստանալն է... էլ որն ասեմ:
Պրակտիկ խորհուրդներ ուսումը դրսում շարունակել ձգտողներին
1. Ձգտեք լինել ոչ թե ամենալավ ուսանողը ու խելացի դիմորդը, այլ եղեք ամենատարբերվողը: Համալսարանների համար ստանդարտ, լավ գնահատակններով ուսանողները էդքան էլ «wow» չեն:
2. Միանգամից դիմեք մի քանի համալսարանների ու կրթաթոշակների- դիվերսիֆիկացնելով ռիսկերը: Ես անցյալ տարի միաժամանակ դիմել էի գերմանական DAAD և ԵՄ Erasmus Mundus կրթաթոշակային ծրագրերին, Glasgow University, Goethe University of Frankfurt, Hamburg University և շատ այլ համալսարանների: Բարեբախտաբար, ստացել էի հրավեր նշված բոլոր ծրագրերից, ուստի ունեի ընտրության մեծ հնարավորթյուն:
Սակայն, օրինակ, բրիտանական համալսարանները կարողացել էին առաջարկել միայն ուսման վարձի կեսի չափով կրթաթոշակ: Ուստի, այլ կրթաթոշակների դիմելը ինձ օգնեցին հասնել իմ երազած կրթությանը՝ առանց ֆինանսական միջոցների մասին անհանգստանալու:
Ինչպե՞ս հաջողացրիր ամբողջական կրթաթոշակ և ինչ է դա ենթադրում
Ինչպես նշեցի, մագիստրատուրա ընդունվելը որքան էլ դժվար, այնուամենայնիվ կրթաթոշակ ստանալը տասնապատիկ ավելի դժվար է:
Մի քանի կարևոր բան կար, որոնք նպաստել են էս կարգավիճակիս հասնելու համար, փորձեմ ամփոփ ներկայացնել.
● Առաջադիմություն, որն ընդամենը անհրաժեշտ պայման է, բայց ոչ բավարար, քանի որ միայն բարձր գնահատակններով քո մասին շատ բան չես պատմի:
● Ակադեմիական ակտիվություն- թերևս, սա շատ կրիտիկական է, քանի որ քո գիտական պոտենցիալի ամենավառ ապացույցն է: Համալսարանական տարիներին փորձել եմ մասնակցել հնարավորինս շատ գիտական մրցույթների, հաղթել ՀՀ ԿԲ Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի մրցույթում, ՈւԳԸ նստաշրջանում, ՀՀ Ավիացիայի կոմիտեի ու «Ամբերդ» հետազոտական կենտրոնի կողմից հայտարարված հոդվածների մրցույթում, տարբեր անվանական կրթաթոշակներ, միջազգային գիտաժողովներ ու հետազոտություններ, որոնք հարցազրույցի փուլի ժամանակ էլ շատ կարևոր դեր ունեին։
● Հասարակական ակտիվություն - արդեն 7 տարուց ավելի է, որ զբաղվում եմ կամավորական և հասարակական այլ աշխատանքներով, որոնք արտասահմանյան համալսարանների կողմից շատ են կարևորվում, հատկապես, եթե դրանք կապում ես մասնագիտությանդ հետ
● Միջազգային փորձ - միջազգային սեմինարներ, երիտասարդական փոխանակումներ տարբեր Եվրոպական երկրներում, ինչպես նաև Գերմանիայում ուսումս ինձ օգնեցի հիմնավորել, որ միջազգային միջավայրի համար կոմպետենտ եմ։
Եվ այլ շատ բաներ, որոնց հասնելու համար ներդրել եմ շատ ժամանակ: Ես Էրազմուս Մունդուս կրթաթոշակակիր եմ, որը ենթադրում է նաև ուսման վարձի ամբողջական փոխհատուցում երկու տարիներ համար, ամսական կրթաթոշակ բոլոր ծախսերը հոգալու համար, ճանապարհածախսի փոխհատուցում, քանի որ յուրաքանչյուր կիսամյակն անցկացնելու եմ տարբեր երկրներում, ինչպես նաև ուսանողների համար մշակութային ու գիտական միջոցառումների կազմակերպում ծրագրի ֆինանսավորմամբ:
3 Երկիր 3 համալսարան
Էրազմուս Մունդուսը եզակի ծրագիր է իր ֆորմատով, քանի որ պահանջում է մագիստրատուրայի երկու տարիները անցկացնել առնվազն երկու երկրում, որպեսզի շնորհվի համատեղ մագիստրոսի կոչումը: Իմ ծրագրի առավելությունը այն է, որ համատեղ կոչումը շնորհվում է ոչ միայն այն համալսարանների կողմից, որտեղ անցկացնում եմ ուսումս, այլ բոլոր յոթ համալսարանների և մեկ գիտական կենտրոնի կողմից, որոնք կազմում են կոնսորցիումի մաս:
Սա, թերևս, բավականին բարդացնում է մագիստրոսական ծրագիրը, քանի որ դասերը կազմակերպվում են համատեղ բոլոր համասլարանների կողմից, ունենում ենք դասախոսներ բոլոր ներառված համալսարաններից, որը ենթադրում է ավելի մեծ պատասխանատվություն և դասերի վրա կենտրոնացվածություն:
Այժմ սովորում եմ Իտալիայում, Բարիի Ալդո Մորո համալսարանում, փետրվարից կտեղափոխվեմ Բելգիա, Գենտի համալսարան, իսկ երրորդ կիսամյակի համար տատանվում եմ Տարտուի համալսարանի (Էստոնիա) և Կանտամբրիայի համալսարանների (Իսպանիա) միջև, չնայած կարող եմ վերադառնալ Իտալիա կամ էլ մեկնել Չիլի, դեռևս հստակեցված չէ: Արդյունքում, ծրագրային համալսարաններն են Ghent University (Բելգիա), University of Bari Aldo Moro (Իտալիա), University of Tartu (Էստոնիա), Xiamen University (Չինաստան), University of Lille (Ֆրանսիա), Federico Santa María Technical University (Չիլի), University of Cantabria (Իսպանիա):
Սրա արդյունքում ամեն առարկա դասավանդվում է առնվազն երկու դասախոսների կողմից:
Դրսում սովորելու նուրբ արվեստը
Դրսում ապրելը հնարավորությունների տեղատարափ է պարզապես, քեզանից միայն գնում է ձեռքերդ վստահորեն բացելը ու էդ ամենը ընդունելը: Ամենից առաջնայինը դա անկախ լինելը, քո գլխի տերը լինելն է, որը ոչ թե հաճույք, այլ պատասխանատվությունն է, որին այլընտրանք չկա: Երբ Գերմանիայում էի ապրում, շատ դժվար էր երբեմն մենակ լինելը, ստիպված լինել ամեն մանրուքի համար մտածելը ու շուրջբոլորդ օտարների տեսնելը, հատկապես, երբ ապրելաոճը շատ տարբեր է: Երբ տեղափոխվեցի Իտալիա, արդեն ինձ ինքնավստահ էի զգում, էնպես էի քաղաքի քարտեզը սովորել, որ առանց ավտոբուսի գնացքի կայարանից հասա տուն:
Շատ առավելություններ կան թվարկելու. ընկերներ, միջազգային միջավայր, նոր «եսի» ձևավորում և այլն, բայց ինձ համար մեծ նշանակություն ունի նաև հարևան երկրների ուսանողների հետ շփումը, հատկապես թուրք ուսանողներ, իրենց մասին ավելին իմանալը, հայաստանյան իրականությունից դուրս այլ տեսակետներ լսելը: Թերևս հիմա էդ առումով ավելի էմոցիոնալ եմ, բայց հասունանալու ճանապարհին սա էլ է կարևոր:
Թոշակը
Բարեբախտաբար կրթաթոշակը ծածկում է բոլոր ծախսերը, նույնիսկ ֆինանսները լավ կառավարելու դեպքում կարողանում եմ որոշակի խնայողություններ անել և ճանապարհորդել: Հարավային Իտալիան բավականին էժան է, մյուս կիսամյակ Բելգիա տեղափոխվելուց հետո ավելի պարզ կլինի ֆինանսներ կառավարելու կարողությանս աստիճանը, քանի որ բավականին թանկ երկրում եմ ապրելու:
Հայերի փնտրտուքներով
Ցավոք, հայի կարոտ ուսանողի կարգավիճակում եմ: Որքան փորձել եմ հետաքրքրվել, նախկինում հայ ուսանողներ սովորելիս չեն եղել համալսարանում, սակայն իտալերենիս դասախոսը խոստացել է հանդիպում կազմակերպել իր ընկերոջ հետ, ով ամուսնացած է հայուհու հետ ու Հայաստանի վերաբերյալ հետազոտություններ են անում:
Բայց քաղաքում գտել եմ հին հայկական թաղամաս, հայկական եկեղեցի, Հրանտ Նազարյանցի անունով փողոց, հայկական խաչքար:
Ստացած գիտելիքներն ու Հայաստանը
Տնտեսագիտությունն այն պատճառով եմ ընտրել, որ մի բա կարողանամ անել Հայաստանի համար: Այն համարում եմ հզոր գործիք մակրո մակարդակում լուրջ փոփոխությունների համար: Չեմ ուզում շատ առաջ անցնել ու պաթոսախեղդ անել, ուստի հիմա ավելի լավ է կենտրոնանալ ուսման վրա և մնացյալը իր հունով կընթանա:
Երազանքի կրթական համակարգը
Այնպիսի համակարգ, երբ համալսարանում ծախսած ժամանակի արդյունավետությունը մեծ է կամ գոնե հավասար ինքնուրույն սովորելու արդյունավետությունից: Շատ բան կփոխեի, բայց ամեն ինչ իր ժամանակին: Բայց ամենակարևորը գիտության հանդեպ մեծ հարգանք ստեղծելն է թե դասախոսների, թե համալսարանականների շրջանում:
Եվրոպայում ի՞նչ ունեն սովորելու մեզնից
Երևի թե արժի խոսեմ միայն Իտալիայից էս դեպքում: Ես Հարավային Իտալիայում եմ, էստեղ Հայաստանին ամեն ինչ շատ նման է. նույնիսկ բյուրոկրատիան ու անարդյունավետ կազմակերպվածությունը:
Սուրբ Ծննդյան խտացված կարոտ. տուն, ընտանիք, սիրելիներ
Ախր ուրիշ տեղ
Ամեն մի քարից, առվից, ակոսից
Իմ աչքերով իմ աչքերին նայող
Մանկություն չկա.
Իտալիա ժամանելուց հետո հենց առաջին առավոտը գիտակցեցի, որ հեռու եմ լինելու Հայաստանից երկու տարի: Ինձ թվում էր՝ էդ նոր իրականությունը մարսելը կլինի ամենադժվարը: Բայց հիմա, երբ արդեն ամենուր Սուրբ Ծննդյան ու Ամանորյա տրամադրություն է, ավելի ու ավելի homesick եմ դառնում, ամեն ինչ ինձ դարձնում է ավելի դեպրեսիվ: Քանի որ չեմ կարողանում Հայաստան գալ քովիդի պատճառով, սկսեցի թափառել տարբեր եվրոպական երկրներում ու հանդիպել էդ երկրներում գտնվող հայ ընկերներիս: Կարծում էի, թե էդ ամենը ինձ կօգնի հաղթահարել տնից հեռու գտնվելու դժվարությունները, բայց արդյունքում ավելի ու ավելի դժվար դարձավ ամեն ինչ, քանի որ շուրջբոլորը հայկական տրամադրություն էր՝ առանց Հայաստանի: Երևի թե սա է պատճառը, որ աշխատում եմ հիմնականում օտարերկրյա ընկերներիս հետ շփվել, որպեսզի ինքս ինձ խաբելը ավելի հեշտ լինի:
Հե՞տ գալ Հայաստան
Էս իմ թույլ տեղն է։ Հայաստանն ուղղակի երկրի անուն չի. էդ իմ տունն է՝ սիրուն, կանաչ ու կուսական անտառներով, գրկելու չափ սիրուն լեռներով, ընտանիքով ու ընկերներով, Արարատի փառահեղ տեսարանով ու հազարավոր անասելի սիրունություններով: Տնից, ընտանիքից, ընկերներից, սարերից ու հայրենիքից ընդմիշտ հեռանալու համար գերմարդկային հզորություն է պետք: Ես իմ թույլ կարգավիճակից էլ եմ գոհ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան