Անօթևաններ. «Վերջում էլ մեր վրա քմծիծաղ էին տալիս»
Վարդաշեն 9-րդ փողոցում գործող անօթևանների կացարանի բնակիչներն այսօր՝ հունվարի 3-ին, բողոքի ակցիա էին իրականացնում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դիմաց՝ պահանջելով հանդիպում պահանջում նախարարի և վարչապետի հետ
Հունվարի 1-ին կացարանը փակվել է, քանի որ նախարարությունը «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հետ նոր պայմանագիր չի կնքել թերացումներ թույլ տալու պատճառով, և որոշվել է, որ բնակիչներին կացարան հատկացնեն Հաղթանակ թաղամասում՝ «Երևանի N1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի մասնաշենքերից մեկում, որին դեմ են անօթևանները։
Ցուցարարներին ընդունել էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալներից մեկը, գլխավոր քարտուղարը, համապատասխան վարչության պետը:
«Նախարարության առաջարկը ոչ մի ձև չի բխում մեր շահերից, իրանք իրանց բերանով ասացին, որ ուղղորդված բան կա՝ մեր տնօրենի հետ կապված, վերջում էլ մեր վրա քմծիծաղ էին տալիս, մենք էլ ասացինք, որ խոսալու բան չունենք իրանց հետ»,-այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց հանդիպմանը մասնակցած անօթևաններից մեկը և հավելեց. «Մարդկայնորեն խնդրում էինք, որ էս ձմեռվա կեսին մեզ չհանեն, էս օրը չգցեն, 6 ամիս հետո հանեն, իրանք անպայման ուզում էին քցեին մեր տնօրենին, մենք էլ ասացինք, որ չենք ուզում բան խոսենք։ Մենք գնացին նախարարություն՝ նորմալ, մարդկային լեզվով խոսելու, բայց ծաղրեցին ու քմծիծաղ տվեցինք մեզ»։
Նրանք հայտնեցին, որ անհարգալից ու ծաղրական վերաբերմունքի են արժանացել նախարարությունում։
«Վարչության պետը, պետի տեղակալներ, տարեցների հարցերով զբաղվողներ, ի՞նչ ա՝ ծաղրածու ե՞նք, որ նստել ծիծաղում, քմծիծաղ են տալիս, պարո՛ն Փաշինյան, սրա համար է՞ր էս մեր հեղափոխությունը, որ մարդուն կանչեն ու ծաղրեն, էսքան ոտնահարված ե՞ն մեր իրավունքները»,-ասաց անօթևանների կացարանի մեկ այլ բնակիչ։
Նրա խոսքով՝ նախարարությունից ասել են, որ բացթողումներ է ունեցել հիմնարկը, գործերը չեն ուղարկվել մարդկանց:
«Իսկ ես գիտեմ, որ 6-7 ամիս մարդկանց գործերն ուղարկել են նախարարություն, և ոչ մի արձագանք չի եղել նախարարությունից, այդ ամենը բարդեցին բարեգործական հիմնադրամի՝ էդ ծանր բեռի տակ ճկռող տնօրինության ու աշխատակազմի վրա։ Ինչո՞ւ ինչ-որ հիմնավոր պատճառ չեն բերում, թե կոնկրետ ինչ թերացում է եղել հիմնադրամի կողմից անօթևանների ծրագրում՝ ի՞նչ կապ ունի մեկ այլ ծրագրում եղած թերացումն այս մի ծրագրի հետ, իրենք ոչ մի հստակ հիմնավորում չբերեցին, թե ինչ թերացումներ են եղել հենց անօթևանների ծրագրում։ Եթե ունեցել են նախապես պայմանավորվածություն, իսկ իրենց խոսալուց երևաց, որ դա նախապես որոշված էր, բա գոնե մի 3-4 ամիս առաջ չասե՞ն, որ մարդիկ տրամադրվեին, պետք է գար ու վերջին օրվան հասնե՞ր։ Մեզ ասացին, թե, իբր, կացարանի տնօրենն է մեզ ուղղորդել, որ գանք, բողոքի ակցիա անենք, բայց հենց նույն տնօրենը ժողով է արել ու խնդրել, որ ազատենք տարածքը, որովհետև ինքն իր հաշվին այլևս չի կարող մեզ պահել՝ սնունդ ապահովել, կոմունալ ծախսեր հոգալ և այլն»,-ասաց կացարանի բնակիչներից մեկը։
Անօթևանները տեղեկացրին, որ չեն պատրաստվում լքել կացարանը, ինչին, ի պատասխան պաշտոնյաները քմծիծաղ են տվել ու ճանապարհել։
Ցուցարարները պնդում են, որ անօթևանների կացարանում որևէ բանի կարիք չկա, ուղղակի պետությունը պետք է շարունակի հիմնադրամի ֆինանսավորումը, որպեսզի անօթևանների ծրագիրը հնարավոր լինի իրականացնել․ եթե իրենց պետք է այլ հաստատություն տեղափոխեն ու իրենց՝ այդտեղ կեցությունը կազմակերպելու համար ֆինանսավորում հատկացնել, թող նույն ֆինանսավորումն ուղղեն «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի անօթևանների ծրագրին։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում