Թեև 2022թ. հունվարի 1-ից արգելվում է պոլիէթիլենային տոպրակների վաճառքը
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն հունվարի 1-ից արգելվել է պոլիէթիլենային տոպրակների և պարկերի վաճառքը կամ իրացումը: Այլ կերպ ասած արգելվել է առևտրի իրականացման վայրերում, առևտրի օբյեկտներում, այդ թվում՝ շրջիկ առևտրի կետերի միջոցով, շրջածախ առևտրի միջոցով, ինչպես նաև բացօթյա առևտրի իրականացման դեպքում մանրածախ առևտուր իրականացնելիս մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը և իրացումը, բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող և երկրորդային հումքից արտադրված պարկերի և տոպրակների:
Օրենքով արգելվում են միայն այն տոպրակները, որոնք տնտեսվարողները 10 կամ ավելի դրամով կամ անվճար տրամադրում են քաղաքացիներին՝ խանութից գնված ապրանքը տեղափոխելու համար:
Ըստ օրենքի՝ շրջանառությունից չեն հանվում այն տոպրակները, որոնք բռնակներ չունեն և դրանց մեջ ապրանքը դրվում է, որպեսզի ապահովվի սանիտարահիգիենիկ նորմերը, որակական հատկությունները, ամբողջականությունը: Կթուլատրվի նաև կշռող սարքի օգտագործմամբ իրականացվող առևտրային գործարքների փաթեթավորումը: Հունվարի 1-ից չեն արգելվի նաև երկրորդային հումքից պատրաստված տոպրակները և պարկերը՝ նաև բռնակով:
Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով 20-30 հազար դրամ տուգանք է նախատեսված է նման տոպրակներ վաճառելու և իրացնելու համար:
Ըստ Շրջակա միջավայրի նախարարության՝ օրենքի պահանջի կատարման նկատմամբ վերահսկողություն կատարողներն են տեղական ինքնակառավարման մարմինները:
«Panorama.am» կայքի լրագրողը հունվարի 3-ին շրջայց կատարեց Երևանի սուպերմարկետներում և վաճառքի կետերում, որոնց դրամարկղերի կողքին նախկինի պես տրցակներով դրված էին բռնակներով պոլիէթիլենային տոպրակները:
«Panorama.am»-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանիԱռևտրի և ծառայությունների վարչության հետ, որտեղից հայտնեցին որ օրիենքի այդ դրույթի կատարման վերահսկողության լիազորություն ՏԻՄ-ը չունի:
Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունից ենթադրեցին, որ պոլիէթիլենային տոպրակների վաճառքի արգելքի վերահսկողությունն իրականացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը հայտնեց, որ այն տեսչական մարմնի գործառույթների մեջ չի մտնում:
«Panorama.am»-ը կապ հաստատեց supermarket.am առցանց վաճառքի կենտրոնի հետ, որտեղից տեղեկացավ, որ այնտեղ նույնպես դեռ օգտագործում են պոլիէթիլենային տոպրակներ, իսկ խնդրին անդրադառնալու են տոներից հետո: Մեր դիտարկմանը, որ ըստ կառավարության օրենսդրական նախաձառնության այսօրվանից՝ հունվարի 3-ից արդեն աշխատանքային է և տոն օրերն անցել են՝ խանութի մենեջերը նկատեց, որ Սուրբ ծննդյան տոնը նակտի ուներ:
Բոլոր դեպքերում պոլիէթիլենային տոպրակների արգելքն, ըստ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի, ուժի մեջ է մտել 2022 թ հունվարի 1-ից և ոչ մի խոշոր առևտրի կետում, բացառությամբ «Քարֆուրի», որը դեռ մեկ տարի առաջ էր անցել թղթե տոպրակների, օրենքի պահանջը չի պահպանվում, իսկ Հայաստանում այդ կարևոր էկոլոգիական խնդիր լուծող օրենքի պահանջը վերահսկող մարմինը դեռ իրեն չի բացահայտել: Ստացվում է՝ օրենքն ընդունվում է, իսկ դրա կատարման վերահսկողը չկա:
Ա. Վարդանյան