Փոխհատուցման պահանջ քաղաքապետարանից՝ սառցապատ ճանապարհների պատճառով վթարների համար
Հունվարի 2-ի երեկոյան սկսված և ողջ գիշեր տևած ձյան տեղումները Երևանում և ներհանրապետական ճանապարհներին բազմաթիվ ավտովթարների պատճառ դարձան:
Վթարները շատ էին հատկապես մայրաքաղաքում: Քաղաքապետարանի և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների կողմից ձյան տեղումներին չափազանց ուշ արձագանքելու և դանդաղ աշխատելու պատճառով մայրաքաղաքի ճանապարհների հիմնական մասը պատված էր մերկասառույցով, երթևեկելը չափազանց դժվարացել էր, այդ պատճառով էլ արձանագրվեցին մեծ թվով ճանապարհատրանսպորտային պատահարներ:
ՀՀ խոշոր ապահովագրական ընկերություններից մեկից՝ «ՌոսԳոսՍտրախ Արմենաիա»-ից Panorama.am-ին հայտնեցին, որ եթե մեքենան ճանապարհի սառցապատ լինելու պատճառով հարվածել է ճանապարհի եզրի սյունին, ծառին, կամ արգելապատնեշին և այն ԿԱՍԿՈ տարբերակով ապահովագրված չէ, ապա վարորդը կարող է վնասի փոխհատուցում ստանալու համար դիմել Երևանի քաղաքապետարան, կամ այդ նպատակով հայց ներկայացնի վերջինիս դեմ:
Մնացած բոլոր դեպքերում, երբ մեքենաները իրար են բախվում, կամ երբ ծառին, սյունին, պատնեշին բախված մեքենան ունի ԿԱՍԿՈ(ամբողջական ապահովագրություն) ապահովագրություն, ապա մեքենաների վարորդներին փոխհատուցում են ապահովագրական ընկերությունները:
Ճիշտ է, մեկ այլ մեքենայի հարվածելու դեպքում տվյալ մեքենայի վարորդը իր մեղքով արված վթարի դեպքում ինքը պետք է վերանորոգի սեփական ավտոմեքենան: Ապահովագրական ընկերությունը փոխհատուցում է միայն այն մեքենայի վարորդին, որին հարվածել է տվյալ մեքենան: Այս դեպքում արդեն տվյալ վարարդին դժվար կլինի՝ սառցակալած ճանապարհների հետևանքով գրանցած վթարի համար Երևանի քաղաքապետարանից փոխհատուցում կորզելիր մեքենայի համար, քանի որ բոլոր դեպքերում այդ վթարը կդիտարկվի հարվածող մեքենայի վարորդի կողմից երթևեկության անվտանգության կանոնները չպահպանելու հետևանք: