Եվրոպայում գազի գինը գերազանցել է 1000 դոլարը
Եվրոպայում գազի ֆյուչերսների արժեքը կրկին գերազանցել է 1000 դոլարը, այս մասին վկայում են Լոնդոնի ICE բորսայի տվյալները, գրում է Գազետա.ռու-ն։
ICE Futures պլատֆորմի փետրվարյան ֆյուչերսների գինը սակարկությունների բացման ժամանակ կազմել է 1028,2 դոլար, նվազագույնը՝ 996,7 դոլար:
Դեկտեմբերի 31-ին գազի գինը նոյեմբերի 10-ից ի վեր առաջին անգամ իջել էր 800 դոլարի նշագծից: Դեկտեմբերի 21-ին Եվրոպայի տարածքում վառելիքի բորսայական գինն առաջին անգամ հաղթահարել է պատմական առավելագույնը՝ 1000 խորանարդ մետրի դիմաց 2 հազար դոլարի նշագիծը:
Փորձագետները գազի գնի աճը կապում են եվրոպական ստորգետնյա պահեստարանների ցածր մակարդակի, հիմնական մատակարարների սահմանափակ առաջարկների և Ասիայում հեղուկացված բնական գազի բարձր պահանջարկի հետ: Բացի այդ, իրավիճակի վրա ազդեցություն է թողնում եղանակային գործոնը և ռուսական «Հյուսիսային հոսք-2» գազատարի գործարկման հետ կապված իրավիճակը։ Դրա գործարկումը պլանավորվում է 2022 թվականի երկրորդ կիսամյակում: