Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը կկայանա հունվարի 12-ին
Հյուսիսատլանտյան դաշինքը հաստատել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի անցկացումը հունվարի 12-ին և կոչ արել Ռուսաստանի Դաշնությանը «հաշվի առնել դաշինքի մտահոգությունները»։ Այս մասին ասված է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայության ներկայացուցչի տարածած հայտարարությունում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Նշվում է, որ հունվարի 12-13-ը Բրյուսելում տեղի կունենա նաև ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստը գլխավոր շտաբների պետերի մակարդակով:
«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, որպես Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նախագահ, 2022 թվականի հունվարի 12-ին հրավիրել է նիստ», - ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Դրանում ընդգծվում է, որ «Ռուսաստանի հետ երկխոսությունը պետք է իրականացվի փոխադարձության հիման վրա, պատասխանի ռուսական գործողությունների վերաբերյալ ՆԱՏՕ-ի մտահոգություններին, պետք է հիմնված լինի եվրոպական անվտանգության հիմնարար սկզբունքների և հիմնարար փաստաթղթերի վրա, անցկացվի ՆԱՏՕ-ի եվրոպացի գործընկերների հետ կոնսուլտացիաներին զուգահեռ։
ՆԱՏՕ-ում դեռ չեն հստակեցրել հանդիպման օրակարգը։ Ավելի վաղ Ռուսաստանը հայտարարել է, որ մտադիր է քննարկել ՆԱՏՕ-ի հետ իր նախաձեռնությունները եվրոպական անվտանգության ոլորտում, որոնք ներառում են Եվրոպայից ԱՄՆ միջուկային զենքի դուրսբերման պահանջները, Ռուսաստանի Դաշնության սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ռազմական ուժերի տեղակայումից հրաժարվելը և դաշինքի մերժումը ՆԱՏՕ-ում Ուկրաինային և Վրաստանին ներգրավելու որոշումներից: