Աշոտ Մինասյանի գործն ուղարկվել է դատարան
«Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի, գործով հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է գործով մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Ինչ վերաբերում է Աշոտ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ պաշտպանի բողոքին, ինչպես նաև՝ նրա խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդությանը, ապա դրանք մերժվել են, ըստ դատախազության, բավարար հիմքերի բացակայության հիմնավորմամբ։
Աշոտ Մինասյանն ի սկզբանե մեղադրվում էր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ սպանության նախապատրաստության ենթադրյալ գործով, որը հարուցումից ավելի քան մեկ տարի անց կարճվել է։ Քրեական գործը հարուցվել էր Փաշինյանի կողմից ստորագրված կապիտուլյացիոն ակտից հետո, երբ պարբերաբար զանգվածային ընդվզումներ էին տեղի ունենում՝ ընդդեմ իշխանության գործողությունների, որոնք ճնշելու համար տեղի ունեցան մի շարք աղմկահարույց ձերբակալություններ։ Այդ օրերին ԱԱԾ-ն հայտարարեց, թե, իբր, Փաշինյանի նկատմամբ սպանության նախապատրաստություն է տեղի ունեցել ու 2020թ նոյեմբերի 15-ին, ԱԱԾ-ն ձերբակալեց ԱԱԾ նախկին տնօրեն, ընդդիմադիր գործիչ Արթուր Վանեցյանին, ՀՀԿ-ական գործիչ Վահրամ Բաղդասարյանին, Սիսական ջոկատիր լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին՝ «Աշոտ Երկաթի», դաշնակցական Աշոտ Ավագյանին։ Դատարանների որոշմամբ՝ վերջիններիս ձերբակալությունը ճանաչվել էր ոչ իրավաչափ, իսկ կալանավորման միջնորդությունները մերժվել՝ հիմնավոր կասկածի բացակայությամբ։
Ավելի քան մեկ արի անց հաստատվել է, որ քրեական գործի հարուցումը եղել է մտացածին և Վահրամ Բաղդասարյանի, Արթուր Վանեցյանի, Աշոտ Մինասյանի և Աշոտ Ավագյանի նկատմամբ ՝ Փաշինյանի սպանության նախապատրաստման և իշխանության յուրացման հատկանիշներով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այլ խոսքով՝ վերջիններս այժմ ունեն արդարացվածի կարգավիճակ։ Ինչ վերաբերում է զենք-զինամթերքի դրվագին, ապա այժմ Մինասյանը մեղադրվում է միայն ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով և հենց նշված դրվագով է նախաքննության ավարտ հայտարարվել։
Հարակից հրապարակումներ`
- Ակցիա գլխավոր դատախազության դիմաց՝ «Ազատություն Աշոտ Երկաթին»
- Աշոտ Մինասյանի Պաշտպանության Խորհուրդը դիմել է դատախազություն
- Աշոտ Մինասյանի գործով նախաքննությունն ավարտվել է
- Հնարավորություն տալ հայրենի հողի համար պայքար մղած Աշոտ Մինասյանին և Առուշ Առուշանյանին գալիք տոները նշելու իրենց տանը
- Աշոտ Երկաթին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը մերժվել է