Ջիմ Թորոսյանի հիշատակի օրն է
Ճարտարապետ, ակադեմիկոս, Երևանի գլխավոր ճարտարապետ (1971-1981) Ջիմ Թորոսյանի հիշատակի օրն է. մահացել է մահացել է 2014 թվականի հունվարի 5-ին։
Ջիմ Թորոսյանը ծնվել է 1926 թ. ապրիլի 18-ին: 1949թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, 1954թ.` Մոսկվայի ճարտարապետական ակադեմիան: 1954թ-ից դասավանդել է Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանում (1979թ-ից` պրոֆեսոր): 1962-64թթ եղել է Հայաստանի ճարտարապետների միության վարչության նախագահի տեղակալը, 1971-81թթ` Երևանի գլխավոր ճարտարապետը, 1958թ-ից` Երևաննախագիծ ինստիտուտի ճարտարապետական արվեստանոցի ղեկավարը: 1989-90թթ ղեկավարել է Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստանի տուժած շրջանների վերակառուցման հանձնաժողովի խորհուրդը:
Նրա և համահեղինակների նախագծերով Երևանում կառուցվել են Սրտաբանության ԳՀԻ համալիրը (1964-69թթ), Այրարատյան թագավորության ոսկեհուռ տարբերանշանով Հայաստանի հավերժող պետականությունը խորհրդանշող հուշարձան-կոթողը (1967թ.), մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը` վերգետնյա և ստորգետնյա կառույցների համալիրով (1981թ., ՀՀ Պետական մրցանակ` 1983թ.), Ժամանակակից արվեստի թանգարանը (1982-85թթ), «Հայաստան» հուշահամալիրը («Կասկադ», 1980-2004թթ)` ցուցասրահների, ցուցադրաբակերի, շատրվանների համակարգով, Զարգացման հայկական բանկը (1995թ.), քաղաքապետարանը` մայրաքաղաքի պատմության թանգարանով (2004թ.), ինչպես նաև Սպիտակի կենտրոնական հրապարակի համալիրը (1998-2005թթ), Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի մուտքը և բացօթյա խորանը (2001թ.) և այլն:
Ճարտարապետության և մոնումենտալ արվեստների համադրումով են առանձնանում Հայկական 89-րդ Թամանյան դիվիզիայի մարտիկներին նվիրված հուշակոթողը (1961թ., Սևաստոպոլ), Հայ գրերի կոթողը (1962թ., Օշական), Վանի հերոսամարտի (Աշտարակի մոտ, Ագարակ գյուղի մերձակայքում, 1979թ.), Միքայել Նալբանդյանի (1966թ.), Եղիշե Չարենցի(1985թ.), Ալեքսանդր Մյասնիկյանի (1981թ., երեքն էլ` Երևանում), Ավետիք Իսահակյանի(1976թ., Գյումրի, ԽՍՀՄ Պետական մրցանակ` 1977թ.) հուշարձանները, Մարտիրոս Սարյանի տապանաքարը (1980թ., ԽՍՀՄ գեղարվեստական ակադեմիայի ոսկե մեդալ), Վիլյամ Սարոյանի մահարձանը (1989թ., երկուսն էլ` Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում),Պարույր Սևակի տապանաքարը (1972թ., գ. Զանգակատուն), Վիկտոր Համբարձումյանի հուշաքարերը, (1998թ., Երևան, Բյուրական) և այլն:
Ճարտարապետի ստեղծագործությունները ցուցադրվել են ճարտարապետության միջազգային կոնգրեսներում` Բարսելոնում, Սոֆիայում, Վենետիկում և այլուր: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1965թ., 1976թ., 1996թ.), Թբիլիսիում (1967թ.), Մոսկվայում (1983թ., 1997թ.), Լենինգրադում (1983թ.):
1994թ-ից եղել է ՌԴ ճարտարապետության և շինարարության ԳԱ պատվավոր, 2002թ-ից` Ուկրաինայի ճարտարապետության ակադեմիայի արտասահմանյան անդամ, 2001թ-ից` Վրաստանի ճարտարապետության ինստիտուտի պատվավոր անդամ, պրոֆեսոր, 1982թ-ից` Բուլղարիայի, 2002թ-ից` Ռուսաստանի ճարտարապետների միությունների պատվավոր անդամ: 1982թ. արժանացել է Համամիութենական ստուգատեսի «Տարվա լավագույն ստեղծագործություն» ոսկե, 1998թ.` ՀՀ «Անանիա Շիրակացի» մեդալների: Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի դափնեկիր է. 2009 թ, արվեստի բնագավառում Գետիկ Բաղդասարյանը և Ջիմ Թորոսյանը ստացել են ՀՀ Նախագահի մրցանակ «Ներսես Աշտարակեցի» հուշարձանի համար: 1983թ-ից եղել է ՌԴ գեղարվեստի ակադեմիայի, ապա` Ճարտարապետության միջազգային ակադեմիայի (1993թ-ից` պրոֆեսոր) Մոսկվայի մասնաճյուղի (1992թ.) ակադեմիկոս:
1968թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1988թ.` ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետի կոչման:
Իր հարցազրույցներից մեկում Ջիմ Թորոսյանն ասել է. «Իմ խորին համոզմամբ, եթե ճարտարապետությունը ձգտում է կատարել իր հասարակական առաքելությունը, ապա այն պետք է ստեղծվի որպես գեղարվեստական կերպար, որպես արվեստի գործ, քանի որ մնացած ամեն ինչ փոփոխական է, նույնիսկ գործառույթը:
Շրջակա միջավայրը ժամանակի ընթացքում կարող է փոխվել, և միակ անփոփոխ չափանիշը մնում է գեղագիտական կատարելությունը: Իհարկե, ճարտարապետությունը՝ իր գործառութային նշանակությամբ, պետք է համապատասխանի որոշակի պահանջներին, բայց ամեն ինչից բարձրը՝ գաղափարն է:
Պանթեոնը կամ իտալական Վերածննդի պալացոն, կամ հայկական միջնադարյան եկեղեցին,
այս բոլորը՝ համաշխարհային ճարտարապետության գլուխգործոցներ են»։
Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձան
Ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան
Քանդակագործ՝ ՀՀ վաստակավոր նկարիչ Արա Շիրազ
Եղիշե Չարենցի հուշարձան
Ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան
Քանդակագործ՝ Նիկողայոս Նիկողոսյան