Հայաստանում շրջանառվում է հոնկոնգյան գրիպ
Հայաստանում սուր շնչառական վարակներով ու գրիպով պայմանավորված իրավիճակը դեռևս անկայուն է՝ հաշվի առնելով, որ հիվանդացության շեմը բարձր է երկու անգամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1.8 անգամ։ Ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:
«Կոնկրետ Արարատի և Տավուշի մարզում դիտվում է բարձր, իսկ Երևանում և մնացած մարզերում միջին ինտենսիվության ակտիվություն: Հունվարի 4-ի դրությամբ բժշկական կազմակերպություններում հոսպիտալացված է 592 պացիենտ, որիվ 94 տոկոսը 0-18 տարեկան երեխաներ են: 13 պացիենտ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրանց մեծ մասը 0-5 տարեկան երեխաներն են, որոնք շատ ավելի ծանր են տանում հիվանդությունը»,- նշեց նա։
Ասուլիսին ներկա ԱՆ մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանի խոսքով, մանկական բուժհիմնարկներում իրավիճակը լարված է, դիմելիությունը բարձր է, բերվում են հիվանդացած երեխաներ սկսած 44 օրականից:
«Ներկայում շրջանառվում է H3N2 տեսակի գրիպը կամ հոնկոնգյան գրիպը, ի սկզբանե «սիրում է» 0-5 տարեկան երեխաների»,- նշեց նա։
Ներկայացնելով ախտանիշները՝ Ս.Սարգսյանն ասաց, որ մի քանի օր դիտվում է բարձր տենդ, ականջի բորբոքում, կան թոքաբորբի դեպքեր։ Նրա խոսքով, այս վարակի հետևանքներն ազդում են այլ հիվանդությունների զարգացման վրա, ինչպես մնացած բոլոր շնչառական վարակների դեպքում է։