Փարաքարի ավագանին համայնքապետ չընտրեց
«Համայնքը չի կարող կառավարվել, եթե կա կոնֆլիկտ, եթե խմբակցություններից մեկը բոյկոտում է, մյուսը չի ներկայանում։ Կարիք կա, որ իսկապես լինի կոնսենսուս», - լրագրողների հետ զրույցում նշեց «Դավիթ Մինասյան» դաշինքի ներկայացուցիչ, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը՝ անդրադառնալով Փարաքար խոշորացված համայնքի ավագանիում ստեղծված իրավիճակին:
Նա նշեց, որ այստեղ երեք կողմ գոյություն ունի, եթե համաձայնության չկան, այլ լուծում գոյություն ունի՝ նոր ընտրություններ։
Հարցին, թե ինչո՞ւ այսօր ժամը 10։00-ին նշանակված ավագանու նիստը համայնքապետի ընտրության օրակարգով չկայացավ, նա պատասխանեց. ««Ապրելու երկիր» խմբակցությունը չէր մասնակցում, այսինքն 11 հոգով պետք է նիստը կայանար, ինչը նշանակում է, որ խնդիրը չի հաղթահարվում, կոնֆլիկտ է լինում:
Երկրորդ, իրավիճակը համայնքում կարիք ունի հանդարտեցման: Ավագանու հաջորդ նիստին շատ հնարավոր է, որ 21 անդամներն էլ մասնակցեն և հենց Դավիթ Մինասյանն էլ ընտրվի համայնքապետ: Այսինքն այս ամեն ինչը զուտ համայնքում համերաշխ իրավիճակ ստեղծելու համար է: Այս պահին պետք է բանակցեն, իրավիճակը հանդարտվի, գտնեն համատեղ աշխատելու մեխանիզմներ»։
«Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքից մեկ այլ ներկայացուցիչ ասաց, որ երեք քաղաքական ուժ կա, որոնց մեջ հետագայում բախումներից, խնդիրներից խուսափելու նպատակով նպատակահարմար գտան երեք ուժերի միջև բանակցությունները վերսկսել, գալ ընդհանուր կոնսենսուսի, որից հետո կունենան իրավազոր նիստ։ Նա նշեց, որ քննարկումներն ավարտելուց հետո, եթե լինի կոնսենսուս, քաղաքական ուժերը հանդես կգան հայտարարությամբ։
Ավագանիում «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքն ունի 5 մանդատ, «Ապրելու երկիր» -ը՝ 10 մանդատ, ՔՊ-ն՝ 6 մանդատ։
Նա կարծում է, որ ՔՊ-ն կաջակցի իրենց թեկնածու Դավիթ Մինասյանի ընտրությանը համայնքապետի պաշտոնում։
Հիշեցնենք, որ Փարաքար համայնքի ավագանին այսօր նիստն էր հրավիրել, օրակարգում համայնքապետի ընտրության հարցն էր, սակայն նիստը «Ապրելու երկիր» խմբակցությունը չէր ներկայացել:
Հարակից հրապարակումներ`
- Փարաքարի ավագանին կրկին համայնքապետ է ընտրում
- Վարչական դատարանն անվավեր է ճանաչել Փարաքար համայնքի ընտրությունների արդյունքները
- Վալոդյա Գրիգորյանը ծափահարությունների ներքո մուտք գործեց Փարաքարի համայնքապետարանի շենք
- Սպասել իրավական գործընթացների ավարտին. Արմավիրի մարզպետը՝ Փարաքարում ստեղծված իրավիճակի մասին
- Ոստիկանները բերման ենթարկեցին ճանապարհը փակած փարաքարցիներին
- Փարաքարում ոստիկանները փակել են համայնքապետարանի շենքի մուտքը