«Ծխախոտը պետք է տակից վաճառեն»
Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների հրապարակային ցուցադրման արգելքը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում, բացառությամբ օդանավակայանի անմաքս առևտրի խանութների։ Ուժի մեջ է մտել նույն արտադրատեսակների մակետների և գովազդային ցուցադրությունը։ Կառավարության նիստում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Այս քայլը ևս մեկ կարևոր խթան կհանդիսանա Հայաստանում ընդհանուր ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և մեր քաղաքացիներին, նաև երիտասարդներին ավելի առողջ պահելու մեր հանձնառությանը»,- նշեց նա։
Ներկայացված տվյալներով, Հայաստանում ընդհանուր առմամբ 16 տարեկանից բարձր բնակչության 27,9 տոկոսը ծխում է։ Ծխողների գերակշռող մասը՝ 51 տոկոս, տղամարդիկ են։
Ա.Ավանեսյանի խոսքով, Հայաստանում սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի, տղամարդկանց մոտ հիմնականում թոքի քաղցկեղի տարածվածությունն իրենց հուշում է, որ ամեն ինչ պետք է անել պայքարը հետևողական տանելու առումով։
Նիկոլ Փաշինյանի խոսքով, ծխախոտի տուփը հանրային կյանքում վերանում է:
«Եթե խորհրդային ժամանակներից հայտնի բառապաշարով խոսենք՝ ծխախոտը պետք է տակից վաճառեն»,-նշեց Փաշինյանը:
Ավանեսյանն արձագանքեց, որ երբ հաճախորդն ուզի, նրան նոր կվաճառեն ծխախոտ։
Նիկոլ Փաշինյանը նաև հայտնեց, որ մարտից արգելվելու է ծխախոտի օգտագործումը բոլոր փակ, բաց տարածքներում, ներառյալ բացօթյա սրճարաններում։
Հարակից հրապարակումներ`
- Ինչ տուգանքներ են սահմանված ծխախոտները տեսանելի վայրում տեղադրելու կամ ցուցադրելու դեպքում
- Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների գովազդն արգելված է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան