Վենետիկն՝ ընտրյալների համա՞ր
Վենետիկը պատրաստվում է զբոսաշրջային քվոտաներով առաջին ամառային սեզոնին։ Պատմական քաղաքի կենտրոն հասնելու համար պետք է գրանցվել և վճարել հատուկ տուրք: Եվրանյուզը գրում է, որ Վենետիկ այցելելու տոմսը կվաճառվի մեկ օրով։ Քաղաքային հյուրանոցներում սենյակներ պատվիրածներին խոստացել են ազատել այդ տուրքից։
«Մեր նպատակն է սահմանափակումներ մտցնել մեկօրյա զբոսաշրջության համար, նրանց համար, ովքեր գալիս են քաղաքը տեսնելու և նույն օրը վերադառնում: Դա հոգնեցուցիչ է, սթրես է քաղաքի համար։ Մենք ցանկանում ենք խրախուսել հանգիստ զբոսաշրջությունը»,- ասել է Վենետիկի զբոսաշրջության գծով փոխքաղաքապետը։
Այս նորամուծություններին դեմ մարդիկ ասում են, որ Վենետիկը վերածում են էլիտար զվարճանքների այգու, ուր չեն կարող հասնել աղքատ մարդիկ։ Իսկ կողմնակիցները պնդում են, որ դա քաղաքը փրկելու և զբոսաշրջիկների հոսքը կասեցնելու միակ միջոցն է, որին հին կենտրոնը չի կարողացել դիմակայել։