Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի Ճրագալույցի Պատարագ՝ Սուրբ Գայանե վանքում
Հունվարի 5-ին Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որին մասնակցում էին Մայր Աթոռի միաբանները և ուխտավոր հայորդիներ։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանը: Նախ կատարվեց Երեկոյան ժամերգություն, այնուհետև ընթերցվեցին սուրբգրային հատվածներ, որից հետո Մայր Աթոռի չորս միաբան սարկավագներ ընթերցեցին Դանիելի մարգարեությունը:
Սուրբ Պատարագի ընթացքում Փառեն Սրբազանն իր քարոզում անդրադարձել է Քրիստոսի Սուրբ Ծննդյան խորհրդին: Սրբազան Հայրը հաստատել է, որ Աստծու Որդին ծնվեց, մարմնացավ և խոնարհվելով դրվեց մսուրի մեջ մարդկության փրկության համար։ Փառեն Սրբազանն ընդգծել է նաև, որ Քրիստոս իր հայտնությամբ խաղաղություն բերեց աշխարհին, խաղաղություն, որը մինչև այդ եղած մարդկային խաղաղությունից միանգամայն տարբերվում էր։
Վերջում պատարագիչ Սրբազանը պատգամել է ներկաներին, Աստծու մարմնացած Որդուն ընդունելով իրենց սրտերում, լցվել Քրիստոսի շնորհած խաղաղությամբ՝ ձայնակցելով հրեշտակներին. «Փառք ի բարձունս Աստուծոյ, եւ յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն» (Ղուկ․ 2․14)։
Սուրբ Պատարագի ավարտին՝ նախատոնակի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրացել է Սուրբ Խորան և վառելկենսատու մոմը, որից Հիսուս Քրիստոսին խորհրդանշող լույսը բաշխվել է հավատացյալներին:
Այնուհետև Մայր Աթոռի միաբանությունը մեկտեղվել է Վեհարանում, ուր, Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվել է տարվա առաջին Տնօրհնեքը:
Հարակից հրապարակումներ`
- Ճրագալույցի Ս.Պատարագով սկսվում է Սուրբ Ծննդյան տոնը
- Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագը՝ հունվարի 5-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան