Արման Թաթոյան. Այս հոդվածի «ձեռքը կրակն են» ընկել նաև իրավապահ մարմինների ծառայողները
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրում է.
«Քրեական օրենսգրքում ծանր վիրավորանքի հոդվածը և պրակտիկան չափազանց մտահոգիչ են, չնայած նրան, որ մարդուն հայհոյելը կամ վիրավորելն ինձ համար որևէ պարագայում ընդունելի չէ:
Բազմիցս եմ զգուշացրել, որ չի կարելի նման հոդված [137.1] ընդունել, որ պայքարի սխալ տարբերակ է ընտրված, որ նոր խնդիրներ են առաջ գալու:
Կառավարության պաշտոնական ներկայացուցիչն ու հոդվածի օգտին հանդես եկող պատգամավորներն իրենք անգամ ԱԺ-ում չէին կարողանում բացատրել, թե ինչ են նշանակում հոդվածի ձևակերպումները:
Հիմա այն վերածվել է պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին քաղաքացիներից անթույլատրելի պաշտպանության տակ առնող հոդվածի` այն էլ ծանրացնող հանցակազմով:
Քրեական օրենսգրքի այս հոդվածը խիստ վտանգավոր է անձնական ազատության իրավունքի համար: Մասնավորապես, թեև հոդվածի որևէ մաս առհասարակ չի նախատեսում ազատազրկումը` որպես պատիժ ու, հետևաբար, մարդուն կալանավորել (խափանման միջոց) չի կարելի, եզակի չեն դեպքերը, երբ, օրինակ, մարդիկ են ձերբակալվում:
Նույնիսկ առկա է դեպք, երբ լրագրողը որևէ քաղաքացուց կարող է հարցազրույց վերցնել, հետո չգիտես, թե ինչ չափանիշներով իրավապահ մարմինները գնում ու ձերբակալում են հարցազրույց տված քաղաքացուն:
Լրագրողները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ներկայացրել են մտահոգություններ, որ արդեն կան դեպքեր, երբ այս հոդվածի պատճառով քաղաքացիները չեն համաձայնվում իրենց հարցազրույց տալ, վստահ չեն, որ քրեական հետապնդման չեն ենթարկվի կամ չեն ձերբակալվի: Ընդ որում, թե´ քաղաքացիները, թե´ լրագրողները չգիտեն, թե ինչ չափանիշներ են իրավապահ մարմինները կիրառում: Իրավապահ մարմիններն իրենք չունեն հստակ պատկերացում:
Լրագրողները նաև նշել են, որ այս դեպքում իրենք նաև հայտնվում են արհեստական բարոյական բեռի տակ, զգում են արհեստական կաշկանդվածություն մասնագիտական աշխատանքում:
Այսինքն` այս հոդվածը սպառնալիք է նաև խոսքի ազատությանը, խոչընդոտ է լրագրողների աշխատանքին:
Վստահ եմ ասում, որ այս հոդվածի «ձեռքը կրակն են» ընկել նաև իրավապահ մարմինների ծառայողները: Ու հակառակն ասողները կա´մ ուղղակի քաղաքական նկատառումով են խոսում, կա´մ հոդվածի ընդունմանը մասնակից են ու անաչառ չեն: Բա ինչպե՞ս կարելի էր ամեն ինչ թողնել պրակտիկային:
Չէ՞ որ այս հոդվածն ուղղակի անհնար էր լինելու կիրառել «հայհոյանքի կամ անպարկեշտ վիրավորանքի» բոլոր դեպքերի համար. նախ, այդքան ռեսուրս չկա և երկրորդ, միևնույնն է` արտերկրից ու կեղծ էջերից «հոսող» հայհոյանքի ու վիրավրանքի դեմ այս հոդվածն ի վիճակի չէ պայքարել:
Ստացվելու էր [ինչպես արդեն հիմա կա] Քրեական օրենսգրքի պարզապես խտրական կամ ընտրողական կիրառություն ու բացարձակ անհասկանելի է, թե ինչ չափանիշներով են որոշվում «թիրախները»: Կիրառելու դեպքում էլ արձանագրվում են քաղաքացիների իրավունքների խախտումներ:
Սա նույնն է, որ, ասենք, մարդու սպանությունը քրեականացնող հոդված ընդունվի, բայց ոչ բոլոր սպանությունների դեպքում կիրառվի, քանի որ մարդկային ու տեխնիկական բավարար ռեսուրսներ, հնարավորություններ չկան և դրան գումարած էլ այդ հոդվածը կիրառվի փորձարկումով, քանի որ որևէ մեկը հստակ չգիտի, թե ինչ նշանակություն ունեն հոդվածի ձևակերպումները: Արտերկրից կամ դիմակավորված սպանություն կատարողներն էլ մնան անպատիժ առհասարակ:
Էլ չհաշված, որ Քրեական օրենսգրքում այս հոդվածը [137.1] ընդունվել է ընթացակարգային կոպիտ սխալներով, մասնագիտական դիտարկումներն անտեսելով:
Դեռ հոկտեմբերին եմ դիմել Սահմանադրական դատարան ու միևնույն ժամանակ միջնորդել էի կասեցնել հոդվածի գործողությունը: Ցավոք, Բարձր դատարանը չկասեցրեց:
Հիմա մենք լրացուցիչ հիմքեր ենք հավաքում, որ նորից դիմեմ` կասեցնելու համար: Խոսքը քրեական հետապնդումների ու մարդու անձնական ազատության իրավունքի, խոսքի ազատության, լրագրողների մասնագիտական աշխատանքի մասին է. կասեցումն այլընտրանք չունի»։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ-ը դիմել է ՍԴ անորոշ ձևակերպումներով լի ծանր վիրավորանքի քրեականացումը վիճարկելու հարցով
- Freedom House․ ՀՀ-ում պաշտոնյաներին վիրավորանք հասցնելու քրեականացումը մեծ հետընթաց է, որն օգտագործվել է ավտորիտար ռեժիմների կողմից
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան