Հայաստանի Ազգագրության թանգարանի հավաքածուն հիմնականում թարմացվում է նվիրատվությունների հաշվին. Ս.Պողոսյան
Ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարանը Հայաստանի բացառիկ, համազգային նշանակության մշակութային օջախներից է, որտեղ պահվում է 73 հազարից ավելի առարկա: Panorama.am-ի հետ զրույցում ասաց թանգարանի գիտական գծով տնօրեն Սվետլանա Պողոսյանը:
Ըստ նրա, թանգարանում ներկայացված է հայոց մշակութային ամբողջ ժառանագությունը՝ կենսաապահովման, հոգևոր, սոցիալական, տնտեսական, կենցաղային մշակույթ:
«Թանգարանը ներկայացնում է իր ունեցած հավաքածուի շուրջ 7 տոկոսը, իսկ պակասը լրացնում ենք մի քանի եղանակներով՝ հրատարակում ենք նյութեր, ժամանակավոր ցուցահանդեսներ ենք կազմակերպվում, ինչն այցելուին հնարավորություն է տալիս ծանոթանալու ֆոնդերում պահպանվող թանգարանային առարկաներին»,- նշեց նա:
Ս.Պողոսյանի խոսքով, բացի հիմնական ցուցադրությունից, 800 քառակուսի մետրի վրա ներկայացված է նաև մայիսյան հերոսամարտերին վերաբերող նյութերը, խորհուրդը:
Նա նշեց, որ թանգարանի հավաքածուն այժմ գերազանցապես թարմացվում է նվիրատվությունների հաշվին, եթե հայտնվում, ներկայացվում կամ գտնվում են բացառիկ մշակութային արժեքներ, ձեռք են բերում:
«Ինչպես բոլոր թանգարաններում, մենք էլ խնդիրներ ունենք, բայց ամենակարևոր խնդիրը մեզ մոտ լուծված է՝ մեր ֆոնդերը վերանորոգված են, կարգավորված»,- ասաց Ս.Պողոսյանը:
Թանգարանը թեև գտնվում է Երևանից հեռու, բայց, ըստ թանգարանի գիտական գծով տնօրենի, այցելուի խնդիր չունեն. «Մեր լսարանը բազմազան է՝ տեղացի այցելուներ, դպրոցականներ, ուսանողներ, թոշակառուներ, զինվորականներ, զբոսաշրջիկներ: Անշուշտ, յուրաքանչյուր թանգարան խնդիր ունի ավելացնելու իր այցելուների թվաքանակը: Մայրաքաղաքից հեռու գտնվելով հանդերձ, այցելուների խնդիր չունենք, բայց, բնականաբար, ցանկանում ենք հնարավորինս ավելի լայն սոցիալական խավերի տեսնել մեր թանգարանում»:
Նշենք, որ Ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարանը հիմնադրվել է 1968 թ-ին Սարդարապատի հուշահամալիրում` ՀՀ Արմավիր քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք: Թանգարանն ունի 5 թեմատիկ բաժին. 1. հնագիտական՝ հնագույն և միջնադարյան արվեստ, արհեստներ, կրոնապաշտամունքային առարկաներ, 2. ազգագրական՝ աշխատանքի գործիքներ, արհեստներ, ազգային խոհանոց, օժանդակ տնտեսաձևեր, գորգ ու կարպետ, կահույք, ժանյակ ու ասեղնագործություն, ազգային տարազ ու զարդեր, ընտանիքին և ազգային տոնացույցին վերաբերող առարկաներ, 3. լուսանկարներ, նկարներ, փաստաթղթեր, արխիվային նյութեր, 4. ժամանակակից դեկորատիվ-կիրառական արվեստ, 5. այլ ժողովուրդների էթնիկ մշակույթին առնչվող նմուշներ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան