Պատերազմի փոխած արշավային երթուղիների, «խոխեքի» ու ամենականչող Աստղիկի մասին
Փաստորեն, կորոնավիրուսը դրական հետևանքներ էլ է ունենում. Աստղիկ Հարությունյանին, օրինակ, այն ստիպեց հավաքվել, արագ կողմնորոշվել լոքդաունի ժամանակ և գնալ վաղուց խմորված երազանքի հետևից։ Նա այսօր հայտնի է իր արշավներով դեպի սարեր և հատկապես «Խոխա արշավներով»։ Համաձայնվեք, անգամ ձեր երեխաների հետ շատ «գլուխ չեք դնի» սարեր բարձրանալ, իսկ նա ուրիշների երեխաների հետ սիրով է անում այդ գործը։ Կանացի էներգիայի, որպես կին հանդիպող դժվարությունների ու կայանալու մասին էլ պատմում է Աստղիկը։
«Ժողովրդական լեզվով ասած՝ չկա չարիք առանց բարիք։ Ես հավատում եմ, որ ամեն փորձություն տրված է գեղեցիկին ու վեհին մոտենալու համար, այդ փիլիսոփայությամբ եմ ապրում արդեն վաղուց։ Վաղուց էի մտածում արշավային գործունեությունը սկսելու մասին, շատ էի ուզում ուրիշ Հայաստան ցույց տալ օտարերկրացուն և անգամ տեղաբնակին։ Տարիներ առաջ էի գրանցել իմ «ԱՐԻ»-ն, բայց ամեն տարի հետաձգում էի, իսկ կորոնան օգնեց ճկուն լինել ու պարզապես սկսել առանց հետոյի մասին շատ մտածելու։ Թեթև ձեռքով կազմեցի առաջին արշավս Աղավնո լեռ ու 15 մասնակցի հետ արեցինք իմ առաջին արշավը։ Դրեցի հաջորդ արշավը ու կրկին խումբ ձևավորվեց ու էդպես գնաց առաջ, իսկ երկու ամիս անց հասկացա, որ կա պահանջարկ ու կարևոր է նաև խոխեքի համար արշավներ կազմակերպել»,-ասում է Աստղիկը։
-Բնությո՞ւնը քաշեց տարավ։
-Բնությանը, կարծում եմ, միշտ եմ կապված եղել, բայց սարերին այսչափ կապվելը տարիների հետ է խմորվել։Լավ հիշում եմ իմ առաջին վրանային արշավը Վրաստանում՝ Սվանեթիայում 2012-ին և մի լավ քրքջում, թե ինչքան հեռու էի արշավական մշակույթից։ Բախտս բերեց, որ մեր մեծ խմբի մեջ գործից հասկացող ընկերներ ունեի և ինձ օգնեցին որոշ հանդերձանքով։ Ինչ խոսք արշավել եմ, բայց այն, ինչ չէի կարող պատկերացնել իմ կյանքում եղավ շրջադարձային 2016-ին։ Այդ տարին կյանքս փոխեց ու սիրուն թևեր առա եւ մոտիկից բախտ ունեցա ճանաչելու, մտերմանալու ու կապվելու սարերին․․․Բայց մինչ կորոնավիրուսի պարտադրած նոր կյանքը քայլեր չէի արել։
-Կորոնավիրուսային համաճարակի սկիզբն ու պատերազմը միաժամանակ էին, կարծես։
-Պատերազմի մասին մինչ օրս առանց հուզմունքի չեմ կարողանում խոսալ կամ մտքերս շարադրել։ Միանշանակ ինձ ուժ տվեց սարերում լինելս, իսկ խոխեքի հետ արշավներս անգամ ժպիտ բերեցին դեմքիս։ Էն որ ասում են երկու երնեկ մի տեղում՝ խոխա և բնություն։
Կարծում եմ պատերազմի ցավն ու գիտակցումը միշտ լինելու են ինձ հետ։ Համակեցության մեջ եմ սովորում լինել այդ դառը իրականության հետ, բայց ինչ խոսք դժվար է․․․
-Որպես կին զգում ես դժվարություն աշխատանքիդ հետ կապված։ Ասենք չենթարկվեն և այլն զուտ այն պատճառով, որ կին ես։
-Անշուշտ զգում եմ, բայց ամեն արշավին սովորում եւ հղկվում եմ լինել կին ձեռներեց ու կին սարային ուղեկցորդ, հմտանում եմ էներգիաս ճիշտ ուղղորդելու, պակաս սպառվելու։ Բայց կանացի էներգիան օգնում է նաև փափուկ վերելքներ անել, թեթև ժպիտներ ու որոշ պոլեմիկ իրավիճակները կանացի ճարպկությամբ շտկել։ Չենթարկվել որպես էդպիսին չկա, բայց մենք՝ հայերս, կարծում ենք, որ կողքից ավելի լավ գիտենք ինչ ու ոնց անել, ավելի հեշտ ենք ուրիշի մասնագիտական սահմանները փորձում սողոսկել, ցուցումներ անել, հատկապես եթե կին է, ավելի ու ավելի, եղել են դեպքեր երբ միացել են ու զգում ես անվստահության պահ են ունեցել, եղել են դեպքեր, որ փաստել են, որ կնոջ հետ ավելի վստահելի է։ Հաճելի փորձություն է այս ամենի մաս լինելը, ամեն արշավից հետո նույնը հետ չես գալիս տուն։
-Երբևէ մտածել էիր, որ կդառնաս հենց լեռնային ուղեկցորդ։ Ի՞նչ էիր երազել փոքր ժամանակ։
-Շատ տարիներ առաջ իհարկե ոչ, անգամ մարդիկ կան, որ երբ տարիներ անց իմացան հաճելիորեն ապշել էին։ Կյանքը հենց դրանով է սիրուն, համով հոտով, որ չգիտես, թե ոնց կփոխվի այն։ Ես որ երանության մեջ եմ ինձ զգում․․․ անասելի մաքուր էներգիա կա բնության մեջ եւ լիանալ ու մաս կազմել այս ամենին հրաշք է ինձ համար։
-Ի՞նչ հմտություններ են պետք այս մասնագետը դառնալու համար։ Ի՞նչ պատրաստվածություն ես անցել։
-Կարծում եմ պետք է առաջնորդի հմտություններ ունենա մարդ, իր հետևից խումբ տանելու կարողություն։ Ես անգամ փոքր ժամանակ ունեի այդ շնորհը խոսքս տեղ հասցնելու, իսկ մնացյալ որակները ինչպիսիք են՝ կամք, ուշադրություն, պատասխանատվության զգացում, կողմոնորշվելու հմտություն ձևավորում ես կյանքի ընթացքում։ 11 տարվա զբոսավարի աշխատանքս, օտարերկրացի և ընկեր լեռնային ուղեկցորդների հետ աշխատանքս ու տարբեր արշավական խմբերի մաս կազմելը շատ սիրուն ձևով հղկեցին ինձ որպես սարային ուղեկցորդ։ Մասնակցել եմ առաջին բուժօգնության երկու դասընթացի, իսկ հիմա էլ պատրաստվում եմ Խոսրով պետական արգելոցի սերտիֆիկացված գիդ դառնալու։
-Ո՞րնէ քո աշխատանքի բարդությունը։
-Բարդությունը ներկա ժամանակ երևի մրցակցությունն է, ամեն արշավին չգիտես քանի հոգի կհավաքվի։
-Քանի՞ գագաթ ես բարձրացել։
-Երբեք չեմ հաշվել և չեմ էլ ուզում։
-Ո՞ր լեռն է, որ երբեք չես հոգնի հոգեպես իրենից և էլի ու էլի կբարձրանաս։
-Գեղամա լեռնաշղթայի թագուհին՝ Աժդահակը․․․Գեղաման ուրիշ մոլորակ է, ուրիշ էնեգիաներ են պտտվում այնտեղ։
-Կա՞ երազանքի գագաթ։
-Բարեբախտաբար չկա։ Չեմ ցանկանա ֆետիշավորել սարերը, միանշանակ կան սարեր, բնապատկերներ, որ ուղակի երազում ես լինել, բայց անգամ այդ դեպքում երազանքի գագաթ չեն դառնում, այլ ուզում ես այդ գեղեցկության ու վեհության մասնիկ դառնալ։
-Ճի՞շտ է, որ լեռնագնացները մի քիչ ուրիշ մարդիկ են։ Ինչպես կբնութագրես նրանց։
Ընկերներդ հիմնականում լեռագնա՞ց են։
-Մենք միշտ սիրում ենք գնահատականներ տալ ու շոյել մեր էգոն։ Բոլոր մարդիկ միշտ տարբեր են, բայց հոգով արշավականը, կարծում եմ, ավելի ճկուն ու բաց է, ունի դժվար իրավիճակներին լուծումներ տալու սառնասրտություն, թիմային պատասխանատվություն գեղեցիկը տեսնելու ու գնահատելու ուրիշ որակ,զգալու խոտին նստելու ու խնձոր կրծելու երջանկությունը, բայց նորից նշեմ, որ այս ամենը մարդուն բնորոշ են, պարզապես արշավականը թույլ է տվել կամ բախտ է ունեցել այս ամենը փորձելու եւ իր մեջ ձևավորելու։
Ինչ խոսք հիմա ընկերներիցս շատերը արշավական են ու ես միայն ուրախ եմ դրա համար, բայց ընկերն ինձ համար առաջին հերթին մարդ է, ում հոգին է կարևոր ամենից շատ։
-Ամենավատ բանը, որ կարող է լինել լեռնային արշավի ժամանակ։ Ինչպես եք պատրաստվում մինչ խումբ բարձրացնելը։
-Կարծում եմ բոլորս գիտակցում ենք, որ ցանկցած վերելքի կամ արշավի ժամանակ կարող են լինել կոտրվածքներ, բայց այդ մտքով եթե լինի տանից դուրս չենք գա պարզապես։
Երբեմն եղանակը կարող է բացասական կամ վատ ազդել մասնակիցների տրամադրվածության վրա, բայց ժամանակի հետ սովորում ենք նաև սիրել եղանակը, ինչպիսին որ այն կա։
-Ինչ պետք է իմանա ու ունենա լեռ բարձրացողը։
-Լեռ բարձրացողը պետք է իմանա, որ ամեն բան կարող է պատահել ու պատրաստ լինի այն ընդունելու, իհարկե գրեթե միշտ միայն լավն ու սիրուն է լինում, մեկ-մեկ էլ հոգնում են, բայց դա երանելի հոգնություն ենք ասում։ Ունենալու ցանկը մի փոքր ավելի երկար է, բայց դե սկսելուն պես եթե ֆինանսապես կայուն կամ վստահ չես, որ շարունակելու ես, ապա դժվար է ձեռք բերել ճիշտ հանդերձանքը։ Ամենակարևոր բանը միշտ ասում եմ լավ գոնե մի զույգ լեռնային կոշիկ և ուսապարկ ունենալն է։
-Արդյոք, ֆինանսապես ձեռնտու է զբաղվել այս բիզնեսով։ Կարելի՞ է հարստանալ զբաղվելով այս գործով։
-Հարստանալը չգիտեմ որքան, բայց անխոս ֆինանսապես ձեռնտու է։ Ինձ համար կարևոր է անել այն ինչ ես սիրում ու ուզում եմ, երբ այդ երկուսը կա, ֆինանսականն էլ ստացվում է։
-Պատերազմը ինչպե՞ս է փոխել արշավների երթուղին։
-Պատերազմը ուղակի մի մեծ կտոր խլել է, բայց դրան միշտ դժվար եմ անդրադառնում․․․ կներեք։
-Նաև հոգեբանի աշխատանքի եմ նմանեցնում ձեր գործը։ Եթե խմբում կա մարդ, ում համար ավելի դժվար է բարձրանալը, քան մյուսների, ինչպես եք վարվում։ Եղե՞լ է, որ թողնեք ճամփի կեսին։
-Հենց վերջերս էր, որ մեր երկրորդ ուղեկցորդի հետ դա էինք քննարկում, որ մենք միայն ուղեկցորդ չենք, կարող է հոգեբանի գումարն էլ գանձենք, ինչ խոսք հումոր էր, բայց լրիվ իրականությունն է։ Մինչ օրս մի հոգի է եղել, որ ներքևում է մնացել, դա եղել է իր ցանկությամբ, քանի որ էն գլխից արդեն դժվար էր տրամադրվել։ Մնացած դեպքերում ես շատ եմ սիրում օգնել մարդկանց՝ իրանք իրանց հավատալու ու վստահելու ու գրեթե միշտ ստացվում է։
-Ամենատարօրինակ հարցերը, որ տվել են քեզ աշխատանքիդ հետ կապված։
-Մի տղա կար, կարծես հա կասկածեր, որ ճանապարհը գիտեմ, րոպեն մեկ հարցնում էր, «բա հիմա ո՞նց ենք գնալու, հա՞, վստա՞հ ես։
-Ինչ-որ շատ ծիծաղելի դեպքեր կհիշե՞ս արշավներից։ Ամենախենթ դեպքը , որ պատահել է հետդ սարերում։
-Ինչ ափսոս չեմ հիշում հիմա, բայց սարերում ամեն անգամ լիքն են ծիծաղելու առիթները։
-Հայաստանում, որ գագաթի հաղթահարման ժամանակ են ավելի շատ մարդիկ ընկերանում։
-Միանշանակ գագաթը կապ չունի, բայց վրանային արշավներին ավելի շատ հնարավորություն ու ժամանակ ունես ընկերանալու։ Ամեն դեպքում ցանկացած վերելքի կամ արշավի ժամանակ ընկերանում ես և նրանք դառնում են քո սարային ընկերները, վերջերս հաճախ եմ լսում այս բառակապակցությունը՝ սարային կամ արշավային ընկեր ու դա այնքան սիրուն էմոցիաներ է փոխանցում։
- Որ գագաթն է, որ կապում է լեռնագնացությանը։
-Կարծում եմ ամեն մեկն է ընտրում իր համար այդ շրջադարձային գագաթը, բայց այստեղ նորից նշեմ, որ շատ հաճախ գագաթը չի “մեղավոր”, այլ վերելքի ժամանակ մեր ապրումներն ու ընկալումենրը։ Ինչ խոսք, գագաթներ կան, որ բացվող բնապատկերների գեղեցկությունից կամ հենց գագաթի վեհությունից շունչդ կտրվում է, օրինակ Խուստուփին նայողը կհասկանա ինչ եմ ասում։
-Գիշերակացով արշաները շատերի համար երազանք են, որն է դրա գաղտնիքը, ինչու են մարդիկ սիրահարվում վրանային, գիշերակացով արշավներին։
-Վրանային արշավները տաքուկ են, ջերմ ու շատ սիրառատ։ Միգուցե ժամանակ ես ավելի ունենում մարդուն բացահայտելու, մտերմանալու, միգուցե խարույկի շուրջ հավաքվելու հրաշքն է կամ իրար հետ հաց սարքելու ու կիսելու պահերը, բայց միանշանակ վրանային արշավներից հետո ամեն բան ավելի այլ է լինում, ավելի հարազատ ու հարատև։
-Ամենասիրուն լուսաբացներն ու մայրամուտները որտե՞ղ են։
-Ամենասիրունը մեր մեջ է ու այն ամեն տեղ է․․․
Բայց Խուստուփի արևածագը տեսնողը դժվար մոռանա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան