Հայազգի բռնցքամարտիկ Արեստ Սահակյանը նոկաուտից 11 օր անց մահացել է
Մահացել է ռուսաստանաբնակ հայազգի բռնցքամարտիկ Արեստ Սահակյանը, ով գլխի ծանր վնասվածք էր ստացել «Նոկաուտների արքաներ» մրցաշարում։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն։
Բռնցքամարտիկի մահվան մասին հայտնել է նրա քույրը՝ համապատասխան գրառում տեղադրելով Instagram-ում։
Նշվում է, որ մրցումներն անցկացվել են դեկտեմբերի 26-ին Տոլյատիում։ 26-ամյա մարզիկը կոմայի մեջ է ընկել ստացած վնասվածքներից։ Նրա մոտ ախտորոշվել է գլխուղեղի այտուց։ 11 օր կոմայի մեջ մնալուց հետո բռնցքամարտիկը մահացել է, այդպես էլ գիտակցության չգալով։
Քույրը տեղեկացրել է, որ Արեստ Սահակյանին վերջին հրաժեշտի արարողությունն ու հոգեհանգիստը տեղի կունենա Տոլյատիում, իսկ հուղարկավորությունը՝ Երևանում։