Ո՞րն է «Զանգեզուրի» կոմբինատի բաժնետոմսերն Արմեն Սարգսյանի սանիկին վստահելու պատճառը
«168 ժամ»-ը գրում է․
«Դեռևս 2021 թ. հոկտեմբերին 168.am-ը Կառավարությանը գրավոր հարցումով էր դիմել՝ պարզելու, թե ի՞նչ է անելու վարչապետի աշխատակազմը նվեր ստացած «Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատի 15 տոկոս բաժնետոմսերի հետ. այն կառավարելո՞ւ է վարչապետի աշխատակազմը, թե՞ մասնավորեցվելու է։
Մեր հարցին Կառավարությունից պատասխանել էին, որ քննարկում են բաժնետոմսերի կառավարման արդյունավետության ապահովման հնարավորությունները և ուղիները։
Ընդամենը երկու ամիս անց գործադիրն ուսումնասիրեց, քննարկեց արդյունավետության հնարավորություններ, գտավ ուղին և ըստ այդմ որոշում ընդունեց՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իր ունեցած 15 տոկոս բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերությանը (ԱՆԻՖ)` պահպանելով բաժնետոմսերի նկատմամբ պետական սեփականության իրավունքը: Ի դեպ, Կառավարության տնօրինած բաժնետոմսերի 15 տոկոսը կոմբինատի ընդհանուր կապիտալի 25 տոկոսն է կազմում՝ 412 250,75 բաժնետոմս։
Բայց հիմա էլ նոր հարցեր են ծագում՝ նախ, եթե հավատարմագրային կառավարիչն իր պարտականությունների կատարման ընթացքում պետք է գործի` ելնելով իր և ընկերության շահերից, այդ ինչպե՞ս է որոշվել, որ հենց այս ընկերությունը պետք է կառավարի այդ բաժնետոմսերը։
Կառավարությունը որևէ պարզաբանում չի ներկայացրել, թե ինչո՞վ է պայմանավորված, որ հենց այս ընկերությանն է հանձնվել բաժնետոմսերի կառավարումը, որի ղեկավարը ՀՀ նախկին արտգործնախարար Վահան Փափազյանի որդին, ինչպես նաև նախագահ Արմեն Սարգսյանի սանիկ Դավիթ Փափազյանն է։
Կառավարության որոշման մեջ չկան անհրաժեշտ հիմնավորումները ու նաև այն հարցի պատասխանը, թե այդ ինչո՞ւ պետք է հարկատուների վճարած հարկերից 4 միլիարդ 733 միլիոն դրամ հատկացնի ԱՆԻՖ-ին, որպեսզի վերջինս «Էյր Արաբիա» ընկերությունը Հայաստանում դարձնի ազգային ավիափոխադրող, ինչը ողջունել էր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ հյուրընկալելով Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային փոխադրող «Էյր Արաբիա» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ, շեյխ Աբդուլլահ բին Մոհամեդ ալ Թանիին և ընկերության տնօրեն Ադել Աբդուլլահ Ալ Ալիին:
Հիշեցնենք, որ ԱՆԻՖ-ը հիմնադրվել է 2019թ-ին` օտարերկրյա ներդրումների ներգրավման, արտահանման աճի խթանման և Հայաստանում լայնածավալ նախագծերում ներդրումները համաֆինանսավորելու մանդատով։
Թե հիմնադրումից ի վեր իրեն վերագրված այս պարտավորությունների քանի՞ տոկոսն է կարողացել կատարել ու քանի՞ տոկոսով է աճեցրել Հայաստանի տնտեսությունը, փաստում են Հայաստանի տնտեսության աճի մասին վիճակագրական տվյալները, որոնք, մեղմ ասած, բոլորովին մխիթարող չեն»։
Հարակից հրապարակումներ`
- ԶՊՄԿ-ի բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման կհանձնվեն ԱՆԻՖ-ին
- Տիգրան Ավինյանը ԶՊՄԿ-ի տնօրե՞ն, թե՝ տնօրենների խորհրդի անդամ
- Տեռորի միջավայրն ակնհա՞յտ էր, իհարկե. Վարդևանյանը՝ ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 25 տոկոսը կառավարությանն անցնելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան