Մահացել է առաջին անգամ «Օսկար» մրցանակի արժանացած սևամորթ դերասանը
Սիդնի Պուատյեն, որը տղամարդու լավագույն դերի համար «Օսկար» մրցանակի արժանացած առաջին սևամորթ դերասանն է, մահացել է 94 տարեկան հասակում, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով TMZ հրատարակությանը:
ԱՄՆ-ի և Բահամյան կղզիների քաղաքացիություն ունեցող դերասանի մահվան պատճառների մասին չի հաղորդվում:
Դերասանը ծնվել է 1927 թվականին Մայամի քաղաքում Բահամյան կղզիներից եկվորների ընտանիքում։ Իր դերասանական կարիերայի ընթացքում Պուատյեն նկարահանվել է տասնյակ ֆիլմերում։ 1963 թվականին նկարահանված «Դաշտային շուշաններ» ֆիլմի համար նա արժանացել է «Օսկար»-ի՝ «Տղամարդու լավագույն դեր» անվանակարգում։ Հետագայում դարձել է դիվանագետ։ Մասնավորապես, Պուատյեն զբաղեցրել է Ճապոնիայում Բահամյան կղզիների դեսպանի պաշտոնը։