Որևէ մեկը չի կարող ասել, որ ՄԻՊ Արման Թաթոյանը եղել է ինչ-որ մի Կառավարության ազդեցության ներքո․ Արման Թաթոյան
«Երբեք որևէ անձի, ուժի հետ չեմ ունեցել աֆիլացիա։ Որևէ մեկը չի կարող ասել, թե Արման Թաթոյանն ունեցել է քաղաքական առնչություն ինչ-որ մի ուժի կամ անձի հետ։ Դա բացառված է, երբեք նման բան չի եղել»,- այս մասին Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք բացառում է փետրվարի 23-ից հետո, երբ ավարտի պաշտոնավարումը, քաղաքական որևէ ուժին միանալը։
Թաթոյանի խոսքով՝ որոշ պաշտոնյաներ փորձել են կարծրատիպ ձևավորել, թե ՄԻՊ-ն անում է հայտարարություններ, որոնք քաղաքական բնույթի են։ Թաթոյանը բացառեց նման բան, նորից ընդգծելով․
«Ցանկացած իմ հայտարարություն դնենք և ուսումնասիրենք, չկա նման որևէ հայտարարություն։ Ավելին, վերջերս միանգամից երկու միջազգային հեղինակավոր կառույցներ, մեկը Վենետիկի հանձնաժողովը, մյուսը՝ Եվրախորհրդի վեհաժողովի մոնիթորինգի համազեկուցողներն արձանագրեցին, որ ՀՀ ՄԻՊ -ն առանցքային դերակատարություն ունի Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարության ամրապնդման հարցում։ Երկրորդ՝ համազեկուցողները հայտարարեցին, որ ՀՀ ՄԻՊ-ը ինստիտուցիոնալ հակակշիռ է երկրում գործադիր իշխանությանը։ Սա վկայում է ՄԻՊ-ի բացարձակ անկախության մասին»։
Թաթոյանը պնդում է ՝ ՀՀ ՄԻՊ-ն իրականում անկախ է։
«Որքան ես աշխատել եմ, կառավարությունների հետ միշտ եղել են գործընկերային հարաբերություններ, բայց որևէ մեկը չի կարող ասել, որ ՄԻՊ Արման Թաթոյանը եղել է ինչ-որ մի Կառավարության ազդեցության ներքո»,- հայտարարեց նա։
Հետագա քայլերի հետ կապված (պաշտոնավարումից հետո քաղաքական որևէ թևին միանալու ծրագրերի մասին)՝ Թաթոյանը ոչինչ ասաց։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան