Հայկական զորախումբ ուղարկելով, Նիկոլ Փաշինյանը դեմ գնաց Նիկոլ Փաշինյանին. Տիգրան Աբրահամյան
«Եթե այս իշխանությունները կարծում են, որ վերջին տասնամյակների ընթացքում այս կամ այն գործընթացներում ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերը չեն կիրառվել, քանի որ ոչ ոք մեխանիզմները կիրառել չեն իմացել, ապա այն ուղղակի հիմարություն է»,- «Հայելի» մամուլի ակումբում հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն՝ անդրադառնալով ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի վերջին հայտարարությանը:
Պատգամավորը հիշեցրեց և անընդունելի համարեց, որ օրերս ՀՀ ԱԽՔ-ն հայտարարել էր՝ ՀԱՊԿ գործիքակազմը օգտագործելու հնարավորություն ունեցավ հենց Հայաստանը:
Աբրահամյանը նկատեց, որ ՀԱՊԿ-ում Հայաստանն ունի ստանձնած պարտավորություններ, ինչով էլ պայմանավորված էր զորախմբի ուղարկումը:
Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց, որ Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահներ ուղարկելու շտապողականությունը պայմանավորված էր այդ կառույցում Հայաստանի նախագահությամբ և նկատեց, որ այդ իրավիճակը չափազանց վատ դրության մեջ դրեց հենց Նիկոլ Փաշինյանին:
«Առաջին օրերին, երբ Ղազախստանում դեռ ահաբեկչության սպառնալիքի երևույթեներ չկային, զորախումբ ուղարկելով, Նիկոլ Փաշինյանը դեմ գնաց Նիկոլ Փաշինյանին և այն սկզբունքներին, որոնցով նա առաջնորդվում էր տասնամյակներ»,- հայտարարեց Տիգրան Աբրահամյանը և հայկական զորախմբի ուղարկումը ռիսկային համարեց, քանի որ դեռ ամբողջական պատկերը չկար և գնահատված չէ, թե այն ինչ ազդեցություն կունենա ներղազախական գործընթացներում՝ նկատելով, որ դեռ պարզ չէ հայկական զորախմբի հետագա առաքելությունը, քանի որ այսօր խոսքը գնում է որոշ օբյեկտների պաշտպանության մասին, բաց այլ գործողությունների համար էլ պատուհան է թողնված:
Պատգամավորը գտնում է, որ ՀՀ իշխանությունները վերջին 3 տարվա ընթացքում պետք է պարզած լինեին ՀԱՊԿ ուժերի կիրառման դեպքերի վերաբերյալ հարցերը, որպեսզի մեր հասարակության մոտ այսօր ծագած հարցադրումները չհնչեին:
«Ղազախսանում մի կողմից խաղաղ բնակիչների ակցիաներն են, մյուս կողմից՝ որոշակի ակտիվացրած ծայրահեղականների գործողությունները»,- ասաց պատգամավորը և ենթադրեց, որ այդ գործողությունների նպատակը եղել է Ղազախստանը և ՌԴ-ին հարակից մեծ թվով այլ երկրների ապակայունացումը:
Նրա կարծիքով՝ Ղազախստանում կատարվողը սպառնում է ողջ Միջին Ասիային:
Աբրահամյանի խոսքով՝ վերջին տարիներին Թուրքիան ցանկանում էր ակտիվացնել իր միջամտությունը Միջին Ասիայի թյուրքալեզու պետություններում՝ տարբեր համագործակցության ձևաչափերով:
Շեշտելով, որ Անկարան բավականին ուշ արձագանքեց ղազախական իրադարձություններին՝ պատգամավորն ասաց. «Թուրքական, ադրբեջանական քարոզչությունը բավականին ակտիվ աշխատում էր Ղազախստանի դեմ, այս միտումն առաջիկայում դառնալու է Միջին Ասիայում վերախմբավորման գործընթացի որոշիչ գործոն»:
Նա ասաց, որ Ղազախստանում ՀԱՊԿ-ի ներկայությունն անհանգստացրել է և Արևմուտքին, և Թուրքիային, քանի որ վերջինս մեծ ախորժակ ուներ՝ իր ազդեցության գոտում Ղազախստանին ներառելու առումով:
Տիգրան Աբրահամյանը դրական գնահատեց ՀԱՊԿ արձագանքը՝ բացառապես պանթուքական գաղափարների արգելափակման համատեքստում:
Անդրադառնալով Ղազախստանում ապրող հայերի և տեղի ղազախ խաղաղ բնակիչների անվտանգության խնդրին՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը ցավալի համարեց, որ անկարգությունների հետևանքով կան զոհեր քաղաքացիական անձանց և երեխաների շրջանում:
Տիգրան Աբրահամյանը խնդրահարույց գնահատեց այն, որ Ղազախստանում կան նաև գլխատված մարդիկ, որը խոսում է տարբեր ծայրահեղական խմբերի ձեռագրի մասին:
Ըստ պատգամավորի՝ այդ դեպքերը փաստում են, որ այդ ծայրահեղականները կարող են սնուցումներ ստանալ տարբեր խողովակներով և երկար ժամանակ իրադարձությունները անկայունության փուլում պահեն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան